Բավ է պառակտվել
08-07-2021 11:29

Վերաքննիչ դատարանի որոշմամբ պրոֆեսոր Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ

Չարչյանն առողջական խնդիրներ ունի, բժիշկները խորհուրդ են տալիս հոսպիտալացում, բայց նա շարունակում է մնալ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց կալանքի տակ թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենին ու ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին: Այս մասին հայտարարեց Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Ավելի վաղ Չարչյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել վերացնել կալանավորումն ու խափանման միջոց ընտրել գրավը։
«Դատավոր Լուսինե Աբգարյանը դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը։ Այս որոշումը օրինական չէ։ Մենք հասկանում ենք, որ նրա վրա ճնշումներ են եղել, բայց ամեն դեպքում մենք դատարան ենք եկել արդարադատության համար։ Դրանք դատարանների նոր մոտեցումներն են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրավունքի հետ»,- ասաց Վարդևանյանը:

Փաստաբանը հայտարարեց, որ Չարչյանի նկատմամբ իրականացվում է ագրեսիվ քաղաքական հետապնդում: Միաժամանակ նա հավելեց, որ Առաջին ատյանի դատարանում շուտով կսկսվի գործի քննությունը, որի ընթացքում կներկայացվեն պաշտպանության բոլոր փաստարկները և արդար քննության դեպքում Չարչյանն ազատ կարձակվի: Իր հերթին, նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Չարչյանի դեմ գործը քննելու է դատավոր Վահե Միսակյանը: Այն դեռ վարույթ չի ընդունվել, բայց ընդունելուն պես, 8 օրվա ընթացքում կհրավիրվի դատական նիստ, որի ժամանակ կրկին կքննարկվի խափանման միջոցի հարցը: Ալեքսանյանը նշեց, որ Չարչյանի առողջական վիճակը մնում է անփոփոխ, ուստի իրենք կրկին միջնորդելու են վերացնել կալանովորումը որպես խափանման միջոց։

Արմեն Չարչյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։):

Պրոֆեսորը կալանավորվեց հունիսի 18-ին՝ ընտրություններից երկու օր առաջ, բայց հետո դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրան ձերբակալելը և ձերբակալությունից երկու օր անց նա ազատ արձակվեց: Հետագայում նրան այնուամենայնիվ, ձերբակալեցին, որից հետո բժշկական կենտրոնի ղեկավարի առողջությունը կտրուկ վատացավ, նա սրտի նոպա ունեցավ: Չարչյանին վիրահատեցին, որոշ ժամանակ նա գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում, հետո տեղափոխվեց քննչական մեկուսարան: Հունիսի 30-ից Չարչյանն այլևս չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն: