Բավ է պառակտվել
28-08-2020 17:12

Արայիկ Հարությունյանը առանց աղմուկ քանդում է կրթական համակարգը․ Բողոքի ակցիա ԿԳՄՍ ֊ի դիմաց

«Կամք» նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա է անում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մեկնարկած բողոքի ակցիային է միացել նաեւ հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փայլուն է տիրապետում կրթական համակարգը քանդելու տեխնոլոգիաներին, նրանից բացի ոչ ոք դա ավելի լավ չի պատկերացնում։
«Քանդում է և առանց աղմուկ է քանդում ։ Եվ ես շնորհակալ եմ հենց ձեզ՝ լրագրողներիդ, որ կարողանում եք բացահայտել՝ ինչ է կատարվում իրականում »,- ասաց Սրապիոնյանը
Սրապիոնյանը տեղեկացրեց, որ իր թոռներին չի պատրաստվում այս տարի դպրոց ուղարկել։
«Թոռներս չեն գնալու դպրոց, չեմ պատրաստվում նրանցից կապիկ կերտել, ուզում եմ հայ ազգին նվիրյալ մարդիկ լինեն։ Միշտ բերել եմ Լևոն Շանթի օրինակը, նա չուներ ոչ մի վկայական, բայց ամենաբարձր վկայականով հայերից մեկն էր»,- ասաց Սրապիոնյանը։
Նա հավելեց, որ այժմ ցանկություն չունի հանդիպել Հարությունյանին, բացատրել ստեղծված իրավիճակը։
«Էս խավարամիտ հերոսը, որ կարծում է, թե, Պաուլո Կոելիոյից վերցրած միտքը արտասանելով, օրիգինալ է երևում, խորապես սխալվում է։ Ինքը իր կաբինետում ավելի վստահ է զգում, քան որ դուրս գա և զրուցի մարդկանց հետ, որոնց համար նա ռեֆորմներ է նախատեսել։ Եթե այդ ռեֆորմները ինձ համար է պատրաստել, ապա նա պետք դուրս գա և խոսի ինձ հետ, որովհետև ես Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհի քառակի ճանապարհն եմ անցել։ »,-ասաց Սրապիոնյանը։
Սերժ Սրապիոնյանը նշեց՝ ժամանակին ձգտել է կրթութան ոլորտի խնդիրների շուրջ զրուցել Արայիկ Հարությունյանի հետ, սակայն արդեն այժմ նրա հետ մեկ սեղանի շուրջ նստելը համարում է վիրավորական:
«Այս նախարարը չի լսում ժողովրդի ձայնը, նա լսում է միայն վերևներում նստած մարդու ձայնը: Այս նախարարը որևէ կերպ հրաժարական չի տա, նա պետք է հրաժարական տա այդ վերևներում նստած մարդու ձայնով: Քանի դեռ այդ ձայնը չի լսվել, նախարարը հրաժարական չի տա», - ասաց նա:

Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին է միացել նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ավելի շատ ոչ թե Հարությունյանի հրաժարականն է պահանջում, այլ դեմ է կրթական ոլորտում նրա վարած քաղաքականությանը։
«Իր քաղաքականությունից եմ հրաժարական պահանջում։ Ամբողջովին փորձել հեղափոխել մեր արժեհամակարգը և դա սկսել դպրոցներից և նույնիսկ նախադպրոցական հաստատություններից, ես դա իհարկե մերժելի եմ համարում և անգամ դատապարտում եմ։ Ես օրհասական խնդիր եմ համարում այն, որ պետք է ոչ թե քայքայել մեր արժեհամակարգը, այլ օր առաջ պետք է հնարավորինս ամրապնդել այն»,- ասաց Ալավերդյանը։
Նա հավելեց.«Ի՞նչ է, նա մտածում է, թե ինքը հավե՞րժ է։ Գրագետ մարդիկ պետք է մտածեն, որ հավերժ մարդիկ չկան»։

 

 

Արմինե Գևորգյան