Բավ է պառակտվել
27-07-2020 15:18

Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավական նորմերին․ Բողոքի ակցիա ԿԳՄՍ –ի դիմաց

Միասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց են բողոքի ակցիա էին անցկացնում։ Նրանք պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Պահանջում ենք կրթություն» ու այլ գրություններով պաստառներ։

Ակցիայի կազմակերպիչ ծնողներից մեկը մասնակիցներին խնդրեց պահպանել սոցիալական հեռավորություն, թույլ չտալ ոստիկաններին բարձրախոսով զգուշացումներ անել, ինքը մտավ նախարարության շենք՝ տեղեկացնելու ակցիայի ու նախարարին հանդիպելու վերաբերյալ մասնակիցների պահանջի մասին։
Ակցիայի մասնակիցներից՝ դիմորդի ծնող Մասիս Բաբայանը բոլորի անունից ասաց, որ հրաժարվում են՝ այլեւս չեն ցանկանում այս թեմայով հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
Նա հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը միտումնավոր չի հանդիպում ակցիայի մասնակիցների հետ, քանի որ նա կատեգորիկ չի տիրապետում իրավական նորմերին: «Երեկ իր կաբինետից է լայվ մտնում, եթե համարում է՝ ճիշտ է, թող դուրս գա հանդիպման, մենք հարցեր կտանք, ինքը հարցեր կտա, կտեսնեք, որ ինքը ճիշտ չի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Առձեռն փաստաթուղթ դիմորդին չի տրվել, փոստով կամ էլեկտրոնային հասցեով չի ուղարկվել։ ԳԹԿ-ի կողմից ևս չի ծանուցվել։ Ի՞նչ պատշաճ ծանուցման մասին է խոսում նախարարը։ Ասում է՝ 57 հազար մարդ է դիտում իր էջը, կներեք, այդ 57 հազարի մեջ կարող է դիմորդ չլինի»,- ասաց մեկ այլ մասնակից։
Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ էր արել այս դիմորդներին դիմել հեռակա բաժին սովորելու համար։

«Դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ քիչ հնարավորություն կա, որ նրանք չընդունվեն։ Այս առաջարկի վերաբերյալ էլ դիմորդի ծնողն ասաց.
«Սա նորություն չի, կներեք էլի, եթե կոպիտ ասած, իրենք ուզում են լավություն կերցրած լինեն, ներկայացնեն որպես հարցի լուծում, այդպես չէ։ Ո՞ր ծնողը չգիտի հեռակայի մասին»։

«Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում են՝ դժգոհելով ընդունելության՝ փոփոխված կարգից, որի պատճառով 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավելի բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի առաջնայնությունը տրվել է տվյալ մասնագիտությունը վճարովի և անվճար հիմունքով առաջին հայտով նշածներին։ Հուլիսի 22-ին նրանք ակցիա արեցին նախ ԱԺ-ի դիմաց, ապա ԿԳՄՍՆ-ի դիմաց, հետո հանդիպեցին ՄԻՊ Արման Թաթոյանի և ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որ բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

 

 

Արմինե Գևորգյան