Բավ է պառակտվել
14-08-2019 13:43

Արցախի զինված ուժերից ոչ մի զինվոր մարտի 1 –ին Հայաստան չի մտել.Քոչարյանի փաստաբան

Հայաստանի 2-րդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ պնդեց, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից զորք չի տեղափոխվել Հայաստան։
«Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր այդ օրերին Հայաստան չի մտել», - հայտարարեց Ալումյանը։
Անդրադառնալով «BBC»-ի հրապարակմանը , Ալումյանը նկատեց, որ դրանում նշվում էր, թե Արցախից տեղափոխված զորքը տեղակայվել է նախագահական նստավայրում ու ավելացրեց.

«Այսօր, փառք Աստծո, շատ լավ հնարավորություն կա այդ հանգամանքը ճշտելու։ Եթե դուք կարծում եք, որ իրենք ճիշտ են ասում, իսկ մենք՝ սխալ, կարող եք հարցնել պետական պահպանության ծառայության ղեկավար Հայրապետովին, որը նախկինում ևս նախագահական նստավայրում ծառայություն էր իրականացնում, մինչև մենք նրան կհրավիրենք դատարան ու նրան այդ հարցերը կտանք»։
Արդեն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման և դրա շուրջ ծավալվող զարգացումներին՝ փաստաբանը նշեց,որ առաջին ատյանի դատարանը խախտում է ներպետական օրենքը, քանի որ մեր՝ 2019 թ․ հունիս 27-ին միջնորդությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու հետ, դեռևս վարույթ չի ընդունել։
«Մենք արդեն դիմել ենք ՄԻԵԴ՝ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելու գանգատով։ Սա մեր 7-րդ գանգատն է: Դատարանի պատճառաբանություն այն է, որ Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել միջնորդությունը, քանի որ գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի գործը դեռևս չի մակագրվել։ Այս պատճառաբանությունը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է»,- ասաց նա։
Հիշեցնենք`Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը: