Բավ է պառակտվել
09-04-2019 15:13

Կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն երեկ կալանավորվեց։ Որոշումը կայացվեց դռնփակ դատականի նիստում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ և դատարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ուղեկցությամբ։ Որոշումը հրապարակելուց հետո Ղազարյանին ոստիկաններն ուղեկցեցին ձեռնաշղթաներով։ Դահլիճից դուրս գալիս Դավիթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն կալանքի միջոցով են կարողանում հարցեր լուծել։
«էս աբսուրդ ա, քննիչն ի սկզբանե նման կարգի որոշում էր կայացրել, ես սրան սպասում էի, որովհետև քննարկում ա եղել, քննիչը չէր կարող մենակով նման որոշում կայացնել, ես սպասում էի, որ սենց ա լինելու»,-ասաց Դավիթ Ղազարյանը:
Նշենք, որ ՊԵԿ-ը միջնորդություն էր ներկայացրել, ըստ որի՝ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առանձնապես խոշոր չափով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով: «Սպայկա» ընկերության տնօրենը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբան Կարեն Սարդարյանն ասում է,որ կալանավորման համար հիմք է հանդիսացել այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով։
Նշենք,որ Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարանին։ «Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- ասաց Սարդարյանը։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Ղազարյանը դեռ ցուցմունք չի տվել, թեև պատրաստ է կատարել օրենքով նախատեսված բոլոր պարտավորությունները։
Իսկ մինչ կհրապարկվեր դատարանի որոշումը, «Սպայկայի» աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականցնում դատարանի դիմաց ու պահանջում էին ազատ արձակել Դավիթ Ղազարյանին: Նրանք մոտ 45 րոպե փակել էին Երևանի Տիգրան Մեծ պողոտան՝ ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի: Բողքի ակցիայի մասնակիցները արգելափակեցին այն մեքենան, որով կալանավայր էր տեղափոխում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Տևական ժամանակ ոստիկանությանը չէր հաջողվում բացել մեքենայի ճանապարհը, սակայն ավելի ուշ հնարավորություն ստեղծվեց մեքենայի շարժի համար։ Աշխատակիցները պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գտնում էին, որ դատարանն անարդար որոշում է կայացրել և արդարություն էին պահանջում: Կառավարությունում նրանց հետ զրուցել էր ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ու ասել, որ վարչապետը բազմիցս հայտարարել է, թե քրեական գործերի ընթացքին երբեք չի խառնվելու և բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն:
Հիշեցնենք,որ Պետեկամուտների կոմիտեն անցած շաբաթ հայտարարեց,որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պատրավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։

Սակայն «Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ` նշված 7 մլրդ դրամից 5–ն ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։