Բավ է պառակտվել
11-12-2021 20:37

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման ժամանակ գերի ընկած մի շարք հայ զինվորներ ձերբակալվել են

Հայաստանի քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացրել քրեական գործից, որի շրջանակներում որպես մեղադրյալ են ներգրավված նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում ադրբեջանական զինուժի կողմից հարձակման ենթարկված մարտական ​​դիրքերի զինծառայողները։

Ինչպես հայտնել են ՔԿ մամլո ծառայությունից՝ այդ օրը մարտական հերթապահությունում ընդգրկված մի շարք պատասխանատու զինծառայողներ ձերբակալվել են, մեկ դիրքապահ ցուցաբերել է բացառիկ խիզախություն։

Քննության ընթացքում պարզվել է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին, ժամը 11: 30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված 3 մարտական դիրքերի ուղղությամբ։ Ըստ քննության տվյալների՝ մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։

Մասնավորապես, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։

Անձնակազմը թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գրավել մարտական դիրքերը, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Հակառակորդը շրջափակել և գերեվարել է փախուստի փորձ արած 24 զինծառայողի․ նրանցից 3-ի՝ Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայող (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) ս.թ. նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, ևս 14 զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ձերբակալվել են, դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Գերեվարված և սպանված զինծառայողներ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայող (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) ս.թ. դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։
2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։

ՔԿ-ն հիշեցրել է, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել քԿ նույն՝ 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանք կալանավորվել են։