Բավ է պառակտվել
27-08-2016 08:59

Մոսկվայում բանկի գրավման համար կալանավորված Պետրոսյանը հացադուլ է հայտարարել

Գործարար Արամ Պետրոսյանը, ով երկու ամսով կալանավորվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկում պատանդներ վերցնելու համար, հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի։

«Այսօրվանից չոր հացադուլ եմ հայտարարում», – ասել է նա ուրբաթ Մոսկվայի շրջանային դատարանում:

Մոսկվայի շրջանային դատարանը մինչև հոկտեմբերի 24–ը կալանավորել է ձեռներեց Արամ Պետրոսյանին, ով մեղադրվում է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավման մեջ։

Պետրոսյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 206–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (երկու և ավել անձանց պատանդ վերցնելը` որպես զենք առարկայի օգտագործմամբ), որը նախատեսում է 6–15 տարվա ազատազրկում։

Ձեռներեցը դատական նիստի ընթացքում խնդրել է իր նկատմամբ կիրառել տնային կալանք։

Օգոստոսի 24–ին երեկոյան իրավապահ մարմինները հաղորդում են ստացել այն մասին, որ Մոսկվայի բանկերից մեկի մասնաճյուղում մի տղամարդ պատանդներ է վերցրել։ Քննությունը նշում է, որ Արամ Պետրոսյանը եկել է «Սիթիբանկի» մասնաճյուղ, երբ այնտեղ եղել է երեք այցելու` երկու գանձապահ և անվտանգության աշխատակիցը։ Տղամարդու վզին կախված է եղել դեղին կպչուն ժապավենով փաթաթված մի տուփ, որից երևացել են մալուխներ։

Գրեթե միանգամից նա բաց է թողել վարկային կազմակերպության աշխատակցուհուն, ով հայտնել է, որ հղի է։ Դրանից հետո շենքից փախել է անվտանգության աշխատակիցը։ Մոսկվայի ժամանակով ժամը 22։00–ին ազատ են արձակվել մնացած պատանդները, իսկ տղամարդը հանձնվել է իշխանություններին։ Ավելի ուշ պարզվել է, որ պայթուցիկն ընդամենը մուլյաժ է եղել, իսկ տուփի մեջ լցված է եղել աղ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, Պետրոսյանը նշել է, որ մինչև վերջերս զբաղվում էր առաջին օգնության պարագաների արտադրությամբ, սակայն սնանկացել է։ Հարցաքննության ժամանակ նա ընդունել է մեղքը և հայտարարել է, որ չէր ցանկանում ոչ մեկին սպանել, ընդամենը ուզում էր ուշադրություն գրավել սնանկության խնդրի նկատմամբ։