Բավ է պառակտվել
29-03-2021 15:13

ՀՅԴ-ն ակցիա է իրականացրել ԱԽ շենքի մոտ․ ցուցարարներն այրել է Թուրքիայի դրոշը (տեսանյութ)

ՀՅԴ անդամներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի շենքի մոտ, իրենց դժգոհությունն արտահայտելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների կապակցությամբ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ապաշրջափակի հաղորդակցությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Նա նշել էր, որ ներկայումս Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն չկա, բայց Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կան հայտարարություններ հնարավորությունների մասին։

ՀՅԴ-ական, Երկիր Մեդիա հեռուստաալիքի լրատվական-վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են գործիք՝ հայ ժողովրդի հիշողությունը, պայքարը ուրանալու և Թուրքիայի «գիրկն ընկնելու» համար իրավունք չունեն պաշտոն զվաղեցնելու, պետք է դուրս նետվեն պետական համակարգից։

«Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում գործեն թուրքական գործակալներ ոչ խորհրդարանում, ոչ կառավարությունում, ոչ ԱԽ-ում, ոչ մի տեղ։ Այս օրերին Փաշինյանի կոչով Հայաստանում գլուխ է բարձրացնում Թուրքիային խառայող գործակալական ցանցն՝ Անվտանգության խորհրդի քարտուղարից մինչև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներ: Բայց նրանց օրերը հաշված են», - ասաց նա:

Ցուցարարներն՝ ի նշան իրենց պայքարի, Հայաստանի Անվտանգության խորհրդի շենքի դիմաց այրեցին Թուրքիայի դրոշը։

Մանուկյանը հայտարարեց, որ ապրիլի 23-ին (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա` ապրիլի 24-ի նախօրեին ՀՅԴ երիտասարդական թևը ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խմբ.) նորից այրվելու է Թուրքիայի դրոշը. «այրվելու է ամեն օր՝ ի նշան մեր պայքարի, հիշողության, մեր 1,5 միլիոն զոհերի հանդեպ հարգանքի»։