Բավ է պառակտվել
13-07-2021 15:01

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար․ Թաթոյան

Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է: Սա բացառիկ հնարավորություն է` միջսահմանային խնդիրներն առաջ տանելու և խախտումները գրանցելու համար:

«Մենք կարող ենք նաև ուղղակիորեն դիմել Մարդու իրավունքների խորհրդին և ՄԱԿ-ի այլ կառույցներին, որպեսզի հատուկ զեկուցողներ նշանակվեն, հրավիրենք հատուկ առաքելություն, նրանց սահման ուղեկցենք՝ խախտումներն արձանագրելու համար», - ասաց Թաթոյանը` դրական գնահատելով դիվանագետների այցը սահման:

Օմբուդսմենը նաև առաջարկեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի սահմաններից դուրս բերելու համար:

«Խոսքը ոչ միայն նրանց մասին է, ովքեր մայիսի 12-ին և 13-ին ներխուժեցին Հայաստանի տարածք, այլ ընդհանուր առմամբ` ադրբեջանական զինուժի ներկայության մասին Հայաստանի սահմաններին և գյուղերի մոտ, հատկապես Սյունիքում կամ Գեղարքունիքում, ինչպես նաև ճանապարհների երկայնքով: Որովհետև եթե մենք բարձրաձայնենք միայն մայիսի 12-13-ը հարցն՝ այդ խնդիրները կմնան շրջանակից դուրս , իսկ դա նույնպես մեծ վտանգ է ներկայացնում երկրի բնակիչների համար», - ասաց Թաթոյանը:

Ըստ նրա՝ առանց օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սահմանային գործընթացները չեն կարող համարվել լեգիտիմ: Եթե հայկական կողմը բարձրացնի այդ խնդիրները, ապա առավելություն կունենա, քանի որ այդ դրույթները մշակվել են եվրոպական պետությունների կողմից և առաջնահերթություն են նրանց համար:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական զինուժի առկայությունն ինքնին արդեն իսկ խախտում է (բնակիչները - խմբ.) կյանքի իրավունքը: Կա նման նախադեպային պրակտիկա, և պետք է հաշվի առնվեն նաև ատելության և թշնամանքի տարածումը, ռազմական հանցագործություններ, խոշտանգումներ, որոնք իրականացրել են ադրբեջանական զինվորականները մի քանի ամիս առաջ, առավել ևս, որ պարբերաբար հնչում են կրակոցներ: Խախտվում է նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, եղել են գերուվարման դեպքեր», - ասաց Թաթոյանը:

Ըստ նրա, ոտնահարվում է նաև հայ ժողովրդի սեփականության իրավունքը, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային ողջ տարածքի դեպքում՝ տեղաշարժի իրավունքը, քանի որ ադրբեջանցի զինվորականները կանգնած են հայկական համայնքների միջև ընկած ճանապարհներին, տեղադրված են նրանց դրոշներն ու ցուցանակներն, ինչը նույնպես ազդում է բնակչության վրա:

Նա նշեց, որ կան նաև հստակ տվյալներ քաղաքացիների կրած կորուստների մասին, մասնավորապես` քաղաքացիներն ունեն կադաստրային վկայականներ կամ հողամասի վարձակալության պայմանագրեր, ընդ որում` տրված խորհրդային տարիներին, բայց այս պահին նրանք չեն կարող դրանք օգտագործել: Կան նաև երեխաների իրավունքների խախտումներ, քանի որ սահմանամերձ շրջանները չափազանց ռազմականացված են: