Բավ է պառակտվել
25-10-2019 15:24

Հայաստանում մշակվում է մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունը մշակել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը 2020-2022 թվականների համար, որն այժմ դրվել է շրջանառության մեջ և ներկայացվել հանրային քննարկման, ասել է ուրբաթ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա նշել է, որ ռազմավարության մեջ հիմնական շեշտը դրվել է խոշտանգումների արգելքի, կյանքի իրավունքի և արդար արդարադատության, ինչպես նաև հավաքների և խոսքի (կարծիքի) արտահայտման ազատության հարցերի վրա։

“Ռազմավարությունը մշակվել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրացված խնդիրների հիման վրա, և որոշում է այս ոլորտում կառավարության գերակայություններն առաջիկա երեք տարիների ընթացքում», - ասել է Գրիգորյանը:

Իր հերթին, “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը նշել է, որ մարդու իրավունքների հարցերը պետք է ներառվեն կրթության բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

“Սեփական իրավունքը պաշտպանելու անհրաժեշտության և այդ մասին բնակչության իրազեկվածության մակարդակի ընկալման մակարդակը մեծանում է, երբ տեսնում են իշխանությունների արձագանքը մարդու իրավունքների ոտնահարման երևույթներին, երբ պետությունը պաշտպանում է մարդու իրավունքներն”, - ասել է Ամիրյանը:

Նա նշել է, որ այսօր հայ հասարակությունը հիմնականում բնազդի մակարդակով է գիտակցում իր իրավունքները, կա անարդարության ընկալում, ինչի պատճառով և տեղի ունեցան նախորդ տարվա իրադարձությունները, որոնք հանգեցրին հեղափոխության։ Ընդ որում, առկա է նաև մշակույթի խնդիրը, երբ անգամ իմանալով իրենց իրավունքները՝ բոլորը չէ, որ պատրաստ են պաշտպանել դրանք։

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից բնակչության ամենախոցելի շերտերից նա նշել է երեխաներին, ովքեր շատ շրջաններում զրկված են պատշաճ կրթության իրավունքից, մեկ այլ խումբը կանայք են, որոնց իրավունքները նույնպես հավասարապես չեն ապահովվում։

Որպես մեկ այլ խոցելի խումբ, Ամիրյանը նշել է հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց և հաշմանդամներին, ովքեր այսօր փաստացի մեկուսացված են հասարակությունից։ Խոցելի խմբերի շարքում նա նշել է նաև ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունները։

Մարդու իրավունքների 2020-2022թթ․ ռազմավարությունը նպատակ ունի նվազեցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը, ներառյալ՝ մահվան ելքով, ոչ կանոնադրական հարաբերությունները, ընտանեկան բռնությունը, խոշտանգումները, ներառյալ՝ ոստիկանության բաժանմունքներում բանտարկյալների և այլոց նկատմամբ: Ռազմավարության նպատակներից են երեխաների և հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ բռնության նվազեցումը, նախաքննության ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման քանակը և գործերի արդար քննության ապահովումը: Ռազմավարությունը նախատեսում է նաև պայքար տեղաշարժման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների սահմանափակումների ու խտրականության դեմ, անվճար բժշկական ծառայություններ ստանալու և այլ իրավունքների հասանելիության ապահովում։