Հայաստանը քրեականացնում է նախընտրական քարոզչության խոչընդոտումը, քվեարկությանը հարկադրելը, ընտրակաշառքը, չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Հովակիմյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքում և կապակցված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները։
Քրեական պատասխանատվությունը կմեծանա
Ինչպես նշել է փոփոխությունների հեղինակ պատգամավորն՝ առաջարկվող կարգավորումներն առավել ամբողջական ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ, որը, սակայն, կարող է չընդունվել մինչև երկրում անցկացվող ընտրությունները (արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20 - խմբ.):
«Ստեղծված իրավիճակում մենք որոշում կայացրեցինք մինչեւ գալիք ընտրությունների մեկնարկն անհրաժեշտ փոփոխությունները ներկայացնել ոչ թե մեծ փաթեթով, այլ առանձին նախագծերի տեսքով, առավել ևս, որ դրանք արդեն վաղուց են քննարկվում»,- ասաց Հովակիմյանը։
Օրինակ, նշեց նա, ընտրական գործընթացների խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսվում է տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետեւանքը:
«Սա նշանակում է, որ եթե ընտրությունների ընթացքում գործընթացը խոչընդոտվի, որից հետո արդյունքներն անվավեր ճանաչվեն, մեղավորները կպատժվեն ավելի խիստ», - ասաց Հովակիմյանը:
Ըստ նրա, քարոզչության հարցում նախատեսվում է ընդլայնել նորմերը, մասնավորապես նախատեսում է պատասխանատվություն քարոզչությանը հարկադրելու համար, և փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել նաև քարոզարշավին խոչընդոտելը:
«Իրականում ոչ միայն հարկադրանքը կամ մերժումը, այլ նաև քարոզչությանը խոչընդոտելը ենթադրում է քրեական պատիժ», - ասաց Հովակիմյանը:
Առաջարկվում է նաև քրեականացնել տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն, ինչն արվում է՝ հաշվի առնելով նախադեպերը:
Նա չտրամադրեց վիճակագրություն՝ շեշտելով, որ օրենսդրական փոփոխությունները չպետք է արդարացվեն նմանատիպ տվյալներով, քանի որ սկզբունքը ոչ թե քանակն է, այլ խախտման նույնիսկ մեկ դեպքի բացառումը, և ուշադրությունը պետք է կենտրոնացվի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վրա:
Ըստ նրա, փոփոխություններ են նախատեսվում նաև ընտրողներին կաշառք տալու կամ ստանալու, նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հարցերում. դրույթներն ավելի կոնկրետացվում են, որօեսզի պայքարն ավելի արդյունավետ լինի։
Հոդված է նախատեսված նաև հօգուտ քաղաքական կուսակցությունների բարեգործություն կատարելու հարկադրանքի համար: Առաջարկվում է խստացնել պատիժը քաղաքացիների ընտրական իրավունքների դեմ անօրինական գործողությունների համար:
Նա նաև նշեց, որ օրենքում կան դրույթներ հավաքների կազմակերպման կամ դրանց մասնակցելու խոչընդոտման կամ հարկադրանքի մասին, և փոփոխություններով առաջարկվում էր բարելավել ձևակերպումները, որպեսզի բացառվեն նման երեւույթներն, իսկ մեղավորները ենթարկվեցին քրեական պատասխանատվության:
Երեք տարի ազատազրկում
Ըստ ներկայացվող օրենսդրական փոփոխությունների, առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը առաջարկվող գրեթե բոլոր հոդվածների համար: Եթե, ըստ գործող նորմերի, վերոհիշյալ խախտումները պատժվում էին տուգանքով կամ ազատազրկմամբ՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով, ապա, ըստ առաջարկվող փոփոխությունների, առաջարկվում է գրեթե բոլոր հոդվածների համար ավելացնել քրեական պատժի ժամկետը և նախատեսել ազատազրկում՝ 1-ից 3 տարի ժամկետով:
Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ոչ բոլոր հոդվածներն են ենթակա քրեականացման, քանի որ դա կարող է հանգեցնել միջազգային պարտավորությունների ու կոնվենցիաների հետ կապված խնդիրների:
«Փոփոխությունները նախատեսում են քրեականացնել կուսակցության կամ թեկնածուի մասին կեղծ տեղեկություններ հրապարակելը, իսկ այս կարգավորումը գտնվում է զրպարտության դաշտում, ինչը ապաքրեականացված է Հայաստանում: Նման փոփոխություններ կատարելը խնդիրներ կառաջացնի միջազգային կոնվենցիաների առումով», - ասաց Սամսոնյանը:
Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, պարզ չեն զրպարտության աղբյուրին վերաբերող ձևակերպումները, քանի որ նշվում է, որ նույնականացված աղբյուրը կարող է օգտագործել այդպիսի տվյալներ, իսկ անհայտը՝ չի կարող, ինչը խախտում է նաև քաղաքացիների անանունության իրավունքը:
Այս առնչությամբ օրենքի նախագծի հեղինակը նշեց, որ այս դրույթը բազմիցս քննարկվել է, և, ամենայն հավանականությամբ, այն կհեռացվի նախագծից առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, քանի որ դա կարող է հանգեցնել երկակի իրավիճակի:
«Մենք առայժմ դեմ չենք այս դրույթը հանելուն, որից հետո մենք կքննարկենք դրա ներդրման հնարավորությունը ավելի հանգիստ պայմաններում», - ասաց Հովակիմյանը:
Փոփոխությունների էությունը
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար: Օրենքի նախագծերի հիմնավորուման մեջ նշում է, որ ներկայումս Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու համար, սակայն այս դրույթը թերի է, մասնավորապես, ընտրարշավին խոչընդոտելու համար պատասխանատվություն չկա:
Առաջարկվող նախագծերը նախատեսում են քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացը խոչընդոտելու արդյունքում ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում։ Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ընտրարշավը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու (կամ կիրառելու սպառնալիքի) համար:
Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրություններին մասնակցող թեկնածուների կամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:: Օրինագծի հիմնավորման մեջ ընդգծում է, որ այս դրույթը չի տարածվում կեղծ տեղեկատվությունն անհատի կողմից հրապարակելու վրա: Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծի շրջանակներում առաջարկվում է վարչական տույժ սահմանել քվեարկությանը նախորդող օրը, դրա անցկացման օրը քարոզչության, ինչպես նաև քարոզչության համար, եթե այն իրականացնում է դրա իրավունքը չունեցող անձը։