Բավ է պառակտվել
02-04-2021 13:36

Եթե ապրիլյանից դասեր չքաղեինք, Հայաստանը կարճ ժամանակում կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը․ Արտակ Դավթյան

Եթե ապրիլյանից դասեր չքաղեինք, Հայաստանը կարճ ժամանակում կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը, ասել է ուրբաթ Հայաստանի ԳՇ պետ Արտակ Դավթյանը «Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ։

«Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախն, ընդ որում՝ 15-20 օրվա ընթացքում»,- ասել է Դավթյանն ի պատասխան լրագրողի հարցին, թե կարո՞ղ էր պատերազմն ավելի վատ հետևանքներ ունենալ։

Հայաստանն ու Արցախը ոգեկոչում են հինգ տարի առաջ սկսված ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Որբաթ օրը հայ զինվորականները Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին 2016թ․ ապրիլյան պատերազմում զոհվածների շիրիմներին։

«Այսօր ողբում եւ հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներվ, որոնք կատարելով խնդիր նահատակվեցին հանուն հայրենիքի եւ ապրիլյան քառօրյայի, եւ 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասել է Դավթյանը։

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:
Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:
Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանական զինուժն ակտիվ մարտական գործողություններ էր սկսել՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով: Ռազմական գործղությունների ընթացքում հակառակորդը կիրառել էր նաև հրթիռա-հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և օդուժ: ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ: