Բավ է պառակտվել
21-10-2016 17:10

ՀՀ-ն կարող է «Իսկանդերներ» կիրառել առանց որևէ մեկի համաձայնության. ՊՆ

Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» տեսակի օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներն առանց որևէ մեկի համաձայնության, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԶՈւ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը։

«Իսկանդեր» տեսակի օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներն առաջին անգամ ցուցադրվել են սեպտեմբերի 21–ին ՀՀ անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, սակայն ՀՀ ԶՈւ–ն դրանք ստացել է շատ ավելի վաղ։ Դրանք բերվել էին մարտական պատրաստվածության ապրիլին ռազմական սրման ժամանակ։ Համալիրների ներկայացումից հետո հայկական ընդդիմադիր ԶԼՄ–ներում հայտնվեց տեղեկություններ այն մասին, որ այդ համալիրները չեն կարող օգտագործվել առանց Մոսկվայի թույլտվության։

««Իսկանդերների» օգտագործման հետ կապված որևէ խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է թույլտվություն ստանալու անհրաժեշտությանը, ապա հիշեցնեմ, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեր ստորաբաժանումն արդեն բերվել էր մարտական պատրաստակամության և ցանկացած պահի հարվածներ կհասցներ, եթե հայկական ղեկավարությունն ընդուներ նման որոշում», – ընդգծեց Յաղմուրյանը։

Նա նշեց, որ «Իսկանդերների» ձեռքբերումից հետո կազմավորվել են անձնակազմեր, որոնք ուսման նպատակով գործուղվել են Ռուսաստան։ «Մեր անձնակազմերն ընդունեցին տեխնիկան հրաձգարանում կազմակերպված փորձարկումներից հետո և միանգամից անցան իրենց պարտականությունների կատարմանը», – նշեց շտաբի պետի տեղակալը։

Նա նաև ավելացրեց, որ այն շատ ահեղ զենք է, և այն երկրների ղեկավարները, որոնց դեմ այդ համակարգը կարող է օգտագործվել, պետք է շատ լուրջ մտածեն զենքի կիրառման հետևանքների մասին։

Նրա խոսքով, 54 կգ քաշով զենքի 152 միլիմետրանոց արկը, հստակ թիրախավորման դեպքում, կարող է ոչնչացնել մի ողջ ինժեներական շինություն։

«Պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ «Իսկանդեր» գերճշգրիտ հրթիռի հարվածը», – նշեց Յաղմուրյանը։

Նա նաև ասաց, որ Ղարաբաղում ապրիլյան սրման ժամանակ հակառակորդը գիտեր, որ այդ հրթիռները բերվել են մարտական պատրաստվածության, և դա դարձավ գործուն փաստարկ, որպեսզի հակառակորդը հրաժարվի իր մտադրություններից։