Բավ է պառակտվել
26-06-2017 14:35

«Սոցիալական առաջընթացի ինդեքսում» Հայաստանը վազանցում է հետխորհրդային շատ երկրների

2017թ. Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը «Սոցիալական առաջընթացի ինդեքս»-ում՝ վազանցելով միանգամից մի քանի հետխորհրդային երկրի և զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը:
«Social Progress Imperative» կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն ընթացիկ տարվա վարկանշային աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ հավաքել է 69,01 միավոր՝ հնարավոր 100-ից: Ընդ որում 85.83՝ մարդու հիմնական պահանջմունքների մասով, 76.49 բարեկեցության հիմունքներով, և 44.70՝ հնարավորությունների մասով:
Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանը 8 նիշով բարելավել է իր դիրքը վարկանշային աղյուսակում՝ 128 երկրների ցանկում զբաղեցնելով 59-րդ տեղը:
Նշենք, որ Ադրբեջանը գտնվում է 76-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 67-րդ, Ուկրաինան՝64-րդ, Ղազախստանը՝74-րդ, իսկ Բելոռուսը՝ 65-րդ:
Վրաստանը Հայաստանից առաջ է ընդամենը մի քանի նիշով, և զբաղեցնում է վարկանշային աղյուսակի 53-րդ հորիզոնականը: Հետխորհրդային երկրների շրջանում « Սոցիալական առաջընթացի ինդեքսի» առաջատարը Էստոնիան է, որը զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:
« Սոցիալական առաջընթացի ինդեքսի» առաջատարներն են Սկանդինավյան երկրները: 2017թ. վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Դանիան, երկրորդը՝ Ֆինլանդիա, երրորդը՝ Իսլանդիան:
Աղյուսակը եզրափակում են սոցիալական առաջընթացի ամենից ցածր ցուցանիշները գրանցած երկրները՝ Չադի Հանրապետությունը, Աֆղանստանը, և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Սոցիալական առաջընթացի ինդեքսը, դա հավաքական ցուցանիշ է, որը չափում է շխարհի երկրների նվաճումները՝ հասարակական բարեկեցության և սոցիալական առաջընթացի տեսանկյունից: Այն իր մեջ չի ներառում աշխարհի երկրների տնտեսական զարգացման ցուցանիշները, այլ չափում է այս կամ այլ երկրի հասարակության բարեկեցության մակարդակը:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում 50-ից ավելի ցուցանիշներ, որոնք միավորված են երեք հիմնական խմբերում՝ մարդու հիմնական պահանջմունքներ, բարեկեցության հիմքեր, ինչպես նաև մարդու զարգացման հնարավություններ: Ցուցիչը չափում է յուրաքանչյուր երկրի նվաճումները 0-ից 100 միավորով՝ վերոնշված երեք հիմնական խմբերի վերաբերյալ ստացված արդյունքներով:
Սոցիալական առաջընթացի ինդեքսը մշակվել է 2013թ.՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցունակության ռազմավարական կառավարման ոլորտի մասնագետ Մայքլ Պորտերի ղեկավարությամբ: Ցուցիչի խմբագրային խորհրդի մեջ ներառված են մի շարք առաջատար համալսարաններ և հետազոտական կենտրոններ, ներառյալ Հարվարդի բիզնես դպրոցն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: