Բավ է պառակտվել
27-10-2022 18:06

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը։

«Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»,- ասվում է հեռագրում:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 2 երեխա է զոհվել, 27-ը՝ վիրավորվել զինված ահաբեկչի հարձակման հետևանքով, ով հոկտեմբերի 26-ի երեկոյան ներխուժել է Շահչերախի դամբարան և ինքնաձիգից կրակ բացել երեկոյան աղոթքին պատրաստվող մարդկանց վրա։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը։