Բավ է պառակտվել
08-12-2021 11:36

Հայաստանը սպասում է ՄԱԿ-ի Դատարանի պահանջների իրականացմանը Ադրբեջանի․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել է Ադրբեջանի պահանջների մեծ մասը։ Այս մասին գրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում։

«Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և անհամբեր սպասում է գործնականում դրա իրականացմանը Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- նշել է Կիրակոսյանը։

Նախօրեին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի դատավորները պարտավորեցրել են Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ծագումով հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։

Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ; ապահովել 2020 թվականի հակամարտության ընթացքում (Արցախում) գերեվարված բոլոր անձանց պաշտպանվածությունը բռնություններից և մարմնական վնասվածքներ հասցնելուց, երաշխավորելով նրանց անվտանգությունն ու հավասարությունն օրենքի առաջ։

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով դատարանը պարտավորեցրել է Հայաստանին միջոցներ ձեռնարկել ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության տարածումը կանխելու ուղղությամբ՝ ներառյալ պաշտոնյաների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։

Ի՞նչ է նշանակում «միջանկյալ միջոցներ».

Միջանկյալ միջոցները որոշակի դատական ժամանակավոր արգելք է, որի նպատակն է սառեցնել իրավիճակի զարգացումը, մինչև դատարանը վեճի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի։ Միջազգային դատարանը կարող է պաշտպանական միջանկյալ միջոցներ կիրառել կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ, եթե գտնում է, որ կայացվող որոշման առարկա հանդիսացող իրավունքներն անմիջականորեն վտանգված են: