Բավ է պառակտվել
20-04-2016 13:26

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով շրջանցել է ԵՄ անդամ մի շարք պետությունների

Հայաստանը մամուլի ազատության վերաբերյալ վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 180 երկրների թվում 74-րդ տեղը։ Մեր երկիրը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսում նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով: Այդ մասին նշված է կազմակերպության ամենամյա զեկույցում:

2015 թվականի մամուլի ազատության սանդղակում Հայաստանը պահպանել էր 2014 թվականին գրանցած արդյունքը՝ զբաղեցնելով 78-րդ տեղը:

Ուշագրավ է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ինչպես նաև ԵՄ անդամ պետություններ Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ):

Ինչպես նշվում է զեկույցում՝ Հայաստանում տպագիր լրատվամիջոցներն ավելի բազմազան են և բևեռացված, հետաքննական լրագրությունը ծաղկում է համացանցում, բայց բազմազանությունը հետ է մնում հեռարձակվող լրատվամիջոցներում։ Զեկույցում նշվում է նաև, որ ilur.am կայքը և «Հրապարակ» օրաթերթը կարևոր իրավական հաղթանակ են ունեցել 2015 թվականին, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել լրագրողների աղբյուրների գաղտնիությունը պահպանելու օգտին։

Ադրբեջանը զբաղեցրել է 163-րդ տեղը՝ նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը։

Թուրքիան զբաղեցրել է 151-րդ տեղը, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։

Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան մնում է վարկանշային ցանկի առաջատար 2010 թվականից։ Ցանկում, ինչպես և նախորդ տարի, վերջին տեղերն են զբաղեցնում Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան:

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուժեղացել են իշխանությունների և մասնավոր բիզնեսի կողմից լրագրողների նկատմամբ ճնշումները: