Բավ է պառակտվել
28-01-2022 14:15

Հայաստանում նշում են Ազգային բանակի կազմավորման 30-ամյակը

Հայաստանն ուրբաթ նշում է հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը։

Հայաստանի ԶՈւ կազմավորման պատմությունը

Հայաստանի ԶՈւ ստեղծման օրն է համարվում 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:

Հայկական բանակի կայացման առաջին փուլը 1988-1992 թվականներն են, երբ ղարաբաղյան շարժման աշխուժացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցը:

Այդ դժվարին առաքելությունը հանձն առան առաջին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պահպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում:

Հայոց բանակի կազմավորման գործընթացն ընթանում էր ղարաբաղյան հակամարտության գոտում 80-90-ականներին տեղի ունեցող մարտական գործողություններին, սահմանների ամրապնդմանն ու ազգային կադրերի պատրաստմանը զուգընթաց:

Մեր ժամանակներն ու նոր խնդիրները

Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի աշնանն արցախյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները բացահայտեցին բանակում կազմակերպչական և ինժեներատեխնիկական մի շարք խնդիրներ, այնուամենայնիվ, զինված ուժերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար մնում է աննախադեպ։

Արդի խնդիրների թվում է Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը Սյունիքում և Գեղարքունիքում։ Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո ԼՂՀ 190-ից ավելի բնակավայրեր և հարակից յոթ շրջանները անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արդյունքում Հայաստանի այս երկու մարզերի՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։ Այսպիսով, հայ-ադրբեջանական սահմանային գծի երկարությունն ավելացել է մոտ 500 կմ-ով։

Վերջին տարին նշանավորվեց հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերով, որոնց արդյուքնում հայ զինծառայողներ զոհվեցին և գերեվարվեցին։