Հայկական ռազմատեխնիկական ընկերությունների արտադրանքը կներկայացվի Մերձմոսկովյան շրջանում անցկացվող «Բանակ 2016» համաժողովի շրջանակում։
«Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային համաժողովը, որին կմասնակցի ռազմատեխնիկական հինգ հայկական ձեռնարկություն, մեկնարկում է երեքշաբթի Մերձմոսկովյան Կուբինկա ռազմակայանում։ Համաժողովին մասնակցում է ավելի քան հազար ռուսական ձեռնարկություն և կազմակերպություն, ինչպես նաև ավելի քան 80 արտասահմանյան պատվիրակություն։ Համաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։
Կմասնակցեն գիտական կազմակերպությունների, ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ռազմական և երկրորդական նշանակության ծառայությունների և արտադրանքի սպառողներ Ռուսաստանից և արտերկրից։ «Բանակ 2016»-ը սպառազինության ժամանակակից նմուշների, ռազմական և հատուկ տեխնիկայի ցուցադրման համար ամենամեծ հարթակն է»,- համաժողովի հյուրերին և մասնակիցներին դիմելով` ասել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով` 140 հազար քմ տարածքում կլինեն ցուցահանդեսային տաղավարներ և բաց ցուցանմուշներ, պայմաններ կստեղծվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի ընթացքային, թռիչքային և կրակային հնարավորությունները ցուցադրելու համար։ «Ցուցահարթակներում իրենց ազգային ցուցանմուշները կներկայացնեն մեր գործընկերները ՀԱՊԿ-ից` Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը», — ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։