Բավ է պառակտվել
15-02-2022 12:13

Հայաստանը միջանցիկ բակի է վերածվում թուրքերի համար. Մելիք-Շահնազարյան

Հայաստանը, ցավոք, միջանցիկ բակի է վերածվում ոչ միայն թուրքական աշխարհաքաղաքականության, այլեւ նրանց ազգայնականների, վանդալների համար։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» տելեգրամյան ալիքի ամենշաբաթյա փոդքասթի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սահմանի բացման դեպքում Հայաստանին չի սպառնում մշակութային վանդալիզմ Թուրքիայի կողմից։

«Սա գործնականում կատարված փաստ է, մենք անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես են թյուրքալեզու մարդիկ Հայաստանի տարածքում և Երևանի սրտում ինչ-որ ակցիաներ անում, հեռախոսով նկարահանում, հետո ամբողջը տեղադրում համացանցում։ Հենց օրերս կարդացի, որ Երևանի ծառերի վրա թուրքերեն վիրավորական գրություններ կան հայ ազգի հասցեին։ Դա Սյունիքում էլ է եղել, և պատերազմից հետո ամենուր անընդհատ նման զարգացումների ականատես ենք լինում»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

Նա կարծիք է հայտնել, որ թուրքերը կարող են դա անել Հայաստանի տարածքում, որպեսզի բարոյապես ճնշում գործադրեն հայկական կողմի վրա։

«Գլխավոր ուղերձն այն է, որ այն ամենը, ինչ կապված է հայ ժողովրդի հետ, նրանց համար թշնամական է, ատելության առարկա, իսկ Ադրբեջանի դեպքում՝ վրեժխնդրության առարկա։ Ադրբեջանցիներն ու թուրքերը պարզապես երբեք առիթը բաց չեն թողնի՝ վնասելու հայկական պատմական, մշակութային, կրոնական ժառանգությունը։ Ինչպես դա անում է Թուրքիան դարեր շարունակ, իսկ Ադրբեջանը՝ մի քանի տասնամյակ»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայաստանում մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի սպառնալիքը շատ ակտուալ է։

«Ցավոք, ակնհայտ է, որ թուրքերը, գործնականում, լուծել են իրենց բոլոր հարցերը Հարավային Կովկասում: Նախկինում Թուրքիան հնարավորություն չուներ մասնակցելու նույնիսկ տարածաշրջանային ընթացիկ խնդիրների քննարկմանը, իսկ այժմ նրանք արդեն ունեն ռազմական ներկայություն, գործնականում Արցախի Հանրապետության տարածքում՝ նրա օկուպացված հատվածում։ Ճանապարհներն էլ բացվում են»,- ասել է Շահնազարյանը։