Բավ է պառակտվել
07-12-2018 13:22

Հայաստանը սգում է։ Գյումրիի և Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց

30 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրվանից, որն ընդգրկել է երկրի տարածքի գրեթե կեսը։ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ հողին են հավասարվել Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (ներկայիս Գյումրին) և ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաք ավերվել են մասնակիորեն։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում (Հայաստանի հյուսիսը) երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալի՝ 12 բալանոց սանդղակով: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս օրը մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, իսկ կես միլիոնը մնացել անօթևան։

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է: Այս կապակցությամբ կառավարությունը Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը հայտարարել է ոչ աշխատանքային: Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սբ. Վարդան եկեղեցիներում ժամը 11.00-ին պատարագ է տրվել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Որոշ փաստեր այս սարսափելի ողբերգության մասին:

  • Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չի հայտնվել մանկատանը, յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն է համարել որդեգրել որբերին:
  • Սպիտակն ավերվել է 30 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, երկրաշարժն ընդգրկել է երկրի շուրջ 40 տոկոսը:
  • Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում դրա ուժգնությունը 12 բալանոց սանդղակով հասել է 10 բալի, Լենինականում՝ 9, Կիրովականում (ներկայիս Վանաձորում)` 8 բալի:
  • Երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքը պտույտ է գործել ողջ Երկրագնդով մեկ, ցնցումներ են գրանցվել Ասիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։
  • Կործանարար իրադարձությունից մի քանի օր առաջ ցնցումներ են արձանագրվել: Տեղական իշխանությունները նշանակություն չեն տվել դրանց, քանի որ, հաշվի առնելով քաղաքի դիրքը՝ նման երևույթները հազվադեպ չէին։
  • Սպիտակում և մոտակա բնակավայրերում հարազտներ ունեցող հազարավոր հայեր շտապել են նրանց օգնության։ Տեխնիկայի և, անգամ, գործիքների բացակայության պայմաններում օր ու գիշեր աշխատելով՝ մարդիկ ձեռքերով մաքրում էին փլատակները։
  • 1988 թ.–ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր։ Եվ անգամ նրանք, ում հաջողվել է փրկվել երկրաշարժից, մինչև -35 աստիճանի հասնող սառնամանիքների պայմաններում մնալով անօթևան՝ հայտնվել են կյանքի ու մահվան եզրին։
  • Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ստեղծել է «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը` պատմական հայրենիքին օգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով։
  • Ողջ աշխարհը համախմբվել է Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից եկել են փրկարարներ, ավելի քան հարյուր երկիր մարդասիրական օգնություն է ուղարկել։
  • Երկրաշարժին հաջորդող առաջին օրերին փրկարարներ և մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռ է կործանվել Հայաստանում։
  • Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում ազատված էներգիան հավասարազոր է եղել տասը ատոմային ռումբի հզորության, յուրաքանչյուրը՝ հավասար 1945թ․ Հիրոսիմայի վրա նետված ռումբին։