Բավ է պառակտվել
02-04-2021 14:02

Հայաստանն՝ ամենից շատ ՌԴ քաղաքացիություն ստացող երկրների հնգյակում

2020 թվականին ամենից հաճախ ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ-ին:

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բնակչության տնտեսագիտության և ժողովրդագրության լաբորատորիայի վարիչ Օլգա Չուդինովսկիխի խոսքով՝ այս երկրները նախկինում ևս առաջատարների շարքում էին:

«Եթե դիտարկենք միգրացիոն հոսքերը, մշտական բնակության ժամանողների թիվը, նրանց, ովքեր նախ ստացել են ժամանակավոր կացության թույլտվություն, ապա կացության թույլտվություն՝ ընդհանուր առմամբ, մոտավորապես նույն երկրներն են եղել առաջատարների շարքում»,- ասել է նա:

Չուդինովսկիխը միաժամանակ նշել է, որ Ուկրաինայի հետ կապված կան որոշակի առանձնահատկություններ, քանի որ 2019-ին ընդունվել են քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարդասիրական նպատակներով քաղաքացիություն տալու մասին հրամանագրի հիման վրա:

Ինչպես նշել է փորձագետը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը միշտ եղել են «նոր քաղաքացիների հիմնական մատակարարների» հնգյակում:

«Բայց նրանք մարդիկ են, ովքեր տեղափոխվել են Ռուսաստան, որոշ ժամանակ ապրել են ժամանակավոր կացության թույլտվությամբ, կացության թույլտվությամբ, աշխատել այստեղ, հարկեր վճարել և դրա հիման վրա քաղաքացիություն են ստացել», - եզրափակել է Չուդինովսկիխը:

ՆԳՆ վիճակագրական տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է տրվել շուրջ 100հազ․ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց։ 2020թ․ նույն ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 107հազ․ մարդ։

Մարտ ամսին ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը նշեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների թիվը, ովքեր արդեն ստացել են ՌԴ քաղաքացիություն։