Բավ է պառակտվել
07-12-2019 12:53

31 տարի անց․ Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

Այսօր լրանում է Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի 31-րդ տարին, որն ընդգրկեց երկրի տարածքի գրեթե կեսը։

1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11։41 -ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Հայաստանի հյուսիսում ավիրվեցին Սպիտակը, Լենինականը (ներկայիս Գյումրին), Կիրովականը (ներկայիս Վանաձորը) և հարյուրավոր բնակավայրեր։ Երկրաշարժն ընդգրկեց երկրի տարածքի գրեթե 40 տոկոսը։

Աղետի մասշտաբը

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում դրա ուժգնությունը 12 բալանոց սանդղակով հասել էր 10 բալի, Լենինականում՝ 9, Կիրովականում` 8 բալի:

Մասնագետների հաշվարկներով, Սպիտակի երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում ազատված էներգիան հավասարազոր է եղել տասը ատոմային ռումբի հզորության, յուրաքանչյուրը՝ հավասար 1945թ․ Հիրոսիմայի վրա նետված ռումբին։

Երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքը պտույտ էր գործել ողջ Երկրագնդով մեկ, ցնցումներ էին գրանցվել Ասիայում, Ամերիկայում և Ավստրալիայում։

Կործանարար իրադարձությունից մի քանի օր առաջ ցնցումներ են արձանագրվել: Տեղական իշխանությունները նշանակություն չեն տվել դրանց, քանի որ, հաշվի առնելով քաղաքի դիրքը՝ նման երևույթները հազվադեպ չէին։

Երկրաշարժից մահացել է 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, իսկ կես միլիոնը մնացել անօթևան։1988 թ.–ի ձմեռը չափազանց ցրտաշունչ էր։ Եվ անգամ նրանք, ում հաջողվել է փրկվել երկրաշարժից, մինչև -35 աստիճանի հասնող սառնամանիքների պայմաններում մնալով անօթևան՝ հայտնվել են կյանքի ու մահվան եզրին։ Սպիտակում և մոտակա բնակավայրերում հարազտներ ունեցող հազարավոր հայեր շտապել են նրանց օգնության։ Տեխնիկայի և, անգամ, գործիքների բացակայության պայմաններում օր ու գիշեր աշխատելով՝ մարդիկ ձեռքերով մաքրում էին փլատակները։

Օգնություն՝ ամբողջ աշխարհից

Ողջ աշխարհը համախմբվել էր Հայաստանին օգնելու համար։ Տարբեր երկրներից ժամանում էին փրկարարներ, ավելի քան հարյուր երկիր մարդասիրական օգնություն էր ուղարկել։ Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ստեղծել է «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը` պատմական հայրենիքին օգնելու համար միջոցներ հավաքելու նպատակով։

Կառավարության գործողությունները

Հայաստանի կառավարությունն ամեն տարի միջոցներ է տրամադրում բյուջեից 1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար։

2008-2018թթ 65մլրդ դրամ է հատկացվել 4839 ընտանիք բնակարանով ապահովելու համար, 2018թ՝ 460մլն․դրամ 44 ըտանիքի համար, իսկ 2019թ․՝ 560մլն դրամ 60 ընտանիքի համար։

Իշխանությունը պլանավորում է 2020թ․վերջնականորեն լուծել այս հարցը, 3մլրդ դրամ (ավելի քան 6,27մլն դոլար) տրամադրելով մնացած 453 ընքանիքը բնակարանով ապահովելու համար։

Մինչդեռ, ըստ ունեցած տվյալների, մետաղական ժամանակովոր տնակներում մինչ օրս բնակվում է շուրջ 5,4հազ ընտանիք, որոնք են տարբեր կատեգորիաների և ունեն տարբեր կարգավիճակ։ Խնդիրը նրանում է, որ նրանցից շատերը չեն տուժել երկրաշարժից, ունեն իրենց տները երկրի տարբեր շրջաններում, բայց գերադասում են բնակվել տնակներում, իսկ պետությունը ոչ մի պարտավորություն չունի նրանց նկատմամբ։