Բավ է պառակտվել
30-03-2020 12:45

ՀՀ քաղաքացիներին հետևելու են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ


ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով:
Ինչպես հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը՝անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ կանխարգելման միջոցառումներ իրականացնելու. «Ստեղծվել է խումբ, որը ներառում է հայ եւ օտարերկրացի մասնագետների, փորձագետների, որոնք մշակել են պանդեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները, ուսումնասիրել են այլ երկրների առաջավոր փորձն այս ոլորտում»:

Այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին, հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Այն միայն համաճարակին է վերաբերում, ավարտվում է արտակարգ դրությամբ ավարտմամբ, տեղեկությունները փոխանցվում են միայն պետության կողմից սահմանված մարմիններին»,- ներկայացրել է նա:
Իսկ թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, այս հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դրանք լինելու են մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները:
«Խոսքը գաղտնալսելու մասին չէ, հեռախոսազանգերը լսելու մասին է՝ առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», - ասաց Ռուստամ Բադասյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետքրքրվեց, թե ո՞վ է վերահսկողություն իրականացնելու ԱԱԾ և ոստիկանության նկատմամբ, որպեսզի ապաանձնավորված կոդն անձնավորելու և դրա բովանդակությանը ծանոթանալու փորձերը բացառվեն։ «Նախագիծը հետընթաց է ժողովրդավարությունից, այն պետք է հետ կանչել, և որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
«Ոնց եք անելու, ով սմարթֆոն չունի տալու եք: Դուք ուղղակիորեն ծախսելու եք հսկայական ռեսուրսներ, որը ոչինչ չի տալու»,- նշեց պատգամավորը:

Նախարարը նշեց, որ այդ մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները չեն փոխվել, իսկ որպես պատասխանատվություն նման դեպքերում գործելու են իրավական կարգավորումներ և անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։
«Կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի կանխարգելման նպատակով գեներացված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործեը, և դրա մասին խոսելն անգամ ավելորդ է», - ասաց նախարարը։
ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զանգերի ֆիքսումը, եթե մարդիկ իրենց տներում նստած են և շփումներ չեն ունենում այլ անձանց հետ։
«Գիտեք, որ 14-օրվա ժամկետը ռիսկային է վարակակրի հետ շփումը հետևանքներ առաջացնելու համար։ Այդ ինֆորմացիան լոկացիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է հասկանալու համար, թե վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Տարբեր օպերատորների տեղեկատվությունն է մի տեղ հավաքվում և մի օպերատորից մյուսին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար», - ասաց նախարարը։
Եղիազարյանը նաև հետաքրքրվեց, թե տեխնիկական առումով ինչպես են պատրաստվում ֆիքսել, եթե, օրինակ, անձը սմարթֆոն չի օգտագործում կամ էլ սմարթֆոնի վրա «ջիպիէս» համակարգը միացված չէ։
Բադասյանը նշեց, որ եթե անձը վարակված է և նրա հետ կոնտակտավորվածները պարզ են, կարող է զանգից հետո պահանջվել, որպեսզի անձը հավելված օգտագործի, որի միջոցով ավելի հեշտ կլինի տեղը որոշել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց,որ 400-ից ավելի վարակված ունենալու պարագայում այս նախագիծն արդեն ուշացած է:

«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ դա ունի զրոյական ազդեցություն համաճարակի տարածման հետ կապված»,-
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը էլ նախարարից հետաքրքրվեց թե պետությունը կարող է կարիք ունենալ իմանալու, թե որ երկու անձինքն են գտնվել միևնույն տարածքում: Բայց հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել,:

Նախարարը նկատեց, որ զանգերի վերահսկման մեխանիզմը կարևոր է հետևյալ առումով.

«Պատկերացնենք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախորդ 14 օրերի իմ լոկացիան բավարար չէ, քանի որ որոշակի լայն շրջանակ է ընդգրկում: 14 օրվա իմ կատարած զանգերի վերհանումը և ճշտումը՝ այսինչ ժամկետում հանդիպել են ինձ, ինֆորմացիայի գեներացումը կնպաստի, որ վիճակագրական տվյալների վրա իրվասու մարմինները կարողանան միջոցառումներ իրականացնել: Դա է իմաստը, այլ իմաստ չկա», - ասաց Ռուստամ Բադասյանը:

Արարատ Միրզոյանը նշեց՝ այնուամենայնիվ իր մոտ տպավորություն մնաց, որ սա ավելոդ միջոցառում է: Նա հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությանը կսահմանափակե՞ն, եթե այս մասով ԱԺ-ն առարկի առայժմ ձեռնպահ մնալ տվյալ կարգավորումից:

Նախարարը նշեց, որ սա ինքնանպատակ գործողություն չէ, այն մշակվել է ՏՏ մասնագետների խորհրդով:

 

 

Արմինե Գևորգյան