Բավ է պառակտվել
16-10-2020 18:14

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից։ Եվ մենք անդամավճար ենք վճարում ձեզ, գրողը տանի

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այսօր բողոքի ակցիա են արել մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով հստակ գնահատական տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, քաղաքացիական բնակչության զոհվելու դեպքերին։ Ակցիայի մասնակիցները պահանջ-նամակ հանձնեցին գրասենյակ։

ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց ամենափոքր մասնակից է, երեք տարեկան փոքր աղջնակն է, ով ծնողների օգնությամբ պաստառ է պարզել, որտեղ պատկերված է երկու ամյա վիրավորված Արծվիկի լուսանկարն ու վրան գրված 31 քաղաքացիական զոհ, 100–ից ավելի վիրավոր։ Իսկ ակցայի կազմակերպիչ քաղաքացի Արմինե Մելքոնյանի ձեռքում էր հայ զինվորների համացանցը ցնցած տեսանյութից լուսանկարներով պաստառը, որում ներկայացվում էր, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում գերիների հետ:

Ինչո՞ւ  է լուռ ՄԱԿ-ը, երբ Ադրբեջանը թիրախավորում է  խաղաղ բնակչությանը, խոշտանգում գերիներին։ Փոխարենը Հայաստանում ՄԱԿ-ը միայն դատարկ խաղաղության կոչեր է հնչեցնում, Իսկ Ադրբեջանում 10 քաղաքացիական զոհի համար Ադրբեջանի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարում է, որ խաղաղ բնակչություն է զոհվում։

Ահա ինչ է ասում Արմինե Մելքոյանը։
«Այսօր Արցախում ու Գեղարքունիքում ունենք 31 քաղաքացիական զոհ, 100-ից ավելի վիրավոր, բայց նույն ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցիչը որևէ արձագանք չի տալիս։ Մի թեթև սվաղած տեքստ է հրապարակում իր Թվիթերում՝ այն էլ հանրային աղմուկ բարձրացնելուց հետո։ Սրանից այն կողմ կողմնակալ վերաբերմունքն էլ ինչպե՞ս է լինում։ Հայ զինվորի ու ընտանիքի վիշտը ծանրանալու է միջազգային բոլոր կառույցների ուսերին»,- հայտարարեցին ակցիայի մասնակցիները։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ որևէ ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև եթե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ինչ-որ քայլ լիներ, այսօրվա ակցիայի անհրաժեշտությունը չէր լինի։

«Ես եկել եմ ասելու, որ հիասթափված եմ: Ես քեզ  չեմ ասում արի իմ սահմանը պահի, բայց դուք պարտավոր եք ձեր ընդունած կոնվենցիայից ելնելով՝ ասել կամ ահազանգել, ներկայացնել՝ով է ագրեսորը: Պետք է բարձրաձայնել ինչ եղավ այնտեղ, դպրոցներ ռմբակոծվեցին, երեխաներ են կրթությունից զրկվում,  այս մասին ո՞վ պիտի ասի։ Սա խոսում է այն մասին, որ ՄԱԿ, դու մեր նկատմամբ կեղծ արժեքներ ունես, երկակի ու հանցավոր անտարբերություն ես ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից։ Եվ մենք անդամավճար ենք վճարում ձեզ, գրողը տանի։ Դուք չեք կարող այսպես անտարբեր նայել, թե ինչ է կատարվում Հայաստանում ու Արցախում, այն դեպքում, երբ թշնամի երկրի ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակը խոսում է այդ մասին»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը։

Մոտ մեկ ժամ տևած ակցայի հետո շենքից դուրս եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալը,ով չտվեց քաղաքացիների հարցերի պատասխանները, ասելով որ այդ հայցերի հասցեատերը ինքը չէ ու չի կարող պատասխաններ տալ։

Նշենք, որ բողոքի ակցիան ավարտվեց, երբ ակցիայի մասնակիցներն արձանագրեցին՝ իրենց ակցիայի շնորհիվ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են վիրավորում ստացած քաղաքացիներին տեսակցելու։ Նրանք շեշտեցին, որ իրենց ակցիաները կունենան շարունակական բնույթ։

Արմինե Գևորգյան