Բավ է պառակտվել
08-12-2020 20:42

«Տգետների բանակը զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ».

 Հայ մտավորականներ (լուսանկարներ)

Այսօր մտավորականները հավաքվել էին մեկ հարկի տակ ու քննարկում էին երկրի առջև ծառացած խնդիրները։ 


«Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ գրականագետ Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ չի հիշում պատմության մեջ մի ժամանակաշրջան, երբ երկրի քաղաքական ու սոցիալական կեցության առումով հայտնված լինեին նման անելանելի իրավիճակում։ Ու հիմա նման իրավիճակից դուրս գալու համար մտավորականները պետք է իրենց հեղինակավոր ու վճռորոշ խոսքը ասեն։

«Այսօր վտանգը շարունակվում է, հինգ հազարից ավելի զոհեր, դրա կրկնակիի չափ հաշմանդամներ, անհայտ է, քանի անհետ կորածներ: Այս ցավից մենք ազատվելու ենք ամենածանր աշխատանքի ու հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով: Սա անվերականգնելի կորուստ է, մենք երբևէ չենք կարող այս կորուստները վերականգնել: Մեզ անվերջ ներարկեցին միտք մշակույթի ազգայնական վտանգավորության մասին, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին, հանեցին հիմնական մաշկը՝ հայ որոշիչը, մեր լեզուն դարձրին կամընտրական և ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեր մեջ մտնում է մոր կրծքից կերած կաթի հետ և դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ»,- ասաց Սրապիոնյանն ու ցավով արձանագրեց՝ «մեզ բերեցին-հասցրին վերջին հոգոցին, երբ դուրս է գալիս մեր միջից մեր լեզվամտածողությունը»։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ նկատեց, որ այսօր վտանգված է մեր երկրի հոգևոր անվտանգությունը և 2․5 տարիների ընթացքում մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով և հայագիտական առարկաների դեմ հալածանքներով։
Ըստ թուրքագետի տգետների բանակը զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ։ 30 տարվա ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը երբևէ չեն փոխել իրենց ընդգծված թշնամական քաղաքականությունը և դիրքորոշումը՝ Հայաստանի ու հայության նկատմամբ:

«Բայց, չգիտես՝ ինչու, կային շրջանակներ որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, ներել նրանց, ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ իշխող ֆրակցիայի ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան չի միջամտելու Արցախյան հարցին։ Իսկ կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը, որն այս օրենքի գործի կարդինալներից է, խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ապրիլի 23-ին՝ ջահերով երթի ժամանակ, որովհետեւ դա հանցագործություն է։ Այդ նույն անձը որոշում էր չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ։ Այս ընթացքում ազգային արժեքների դեմ հարձակումները զուգակցվում էին տաբուների կոտրմամբ, եւ որեւէ արգելք, սրբություն, անձեռնմխելի երեւույթ չկար։


Նա նշեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում թուլացրել են մեր զգոնությունը թուրքի ու ադրբեջանցու հանդեպ, ինչը մեծագույն հանցանք է.
«Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին շաբաթվա ընթացքում, որովհետեւ հասել է իր համար գլխավոր խնդրին՝ Արցախի մի մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ նույն ագրեսիվը, ուղղակի ձևակերպումներն են տարբեր: Իսկ ամենանակյունաքարայինը Մեղրիի հարցն է, Մեղրիի միջոցով ճանապարհը դեպի Նախիջևան, որը պանթուրանական ծրագրի ամենակարևոր և ցանկալի կետն է»:

Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը տեսնում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։
«Այն մարդու, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է: Մեկ մարդու վրա միգուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն, և պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, և բնականաբար, պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-

Փիլիսոփայական մտքեր ու վերլուծություններ կատարելու ժամանակներն արդեն անցել են․ Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը մտավորականների այս հավաքը համարեց ուշացած։
«Ես եղել եմ Արցախում, և նրանցից մեկն եմ, որ մարմնի և ուղեղի ծալքերով չի կարող ընդունել այն իրականությունը, որն այսօր տիրում է։ Մենք նույնպես պետք է դուրս գանք և մասնակցենք անհնազանդության ակցիաներին, պահանջենք գործադուլներ, քանի որ վերջին երկու տարում ԿԳՄՍ նախարարությունը կատարեց ապազգային հայրենադավ գործունեություն։ 2018 թ–ին պահանջում էինք մշակույթի նախարարի հրաժարականը, իսկ ի՞նչ եղավ այսօր, ինչո՞ւ չենք պահանջում, սպասում ենք, որ Նիկոլը գնա՞։ Բայց նա միայնակ չէ»:
Մտավորականները այս հավաքով չեն սահմանափակվելու, նրանք առաջիկայում էլ նախատեսում են հանդիպումների շարք։

Արմինե Գևորգյան