Բավ է պառակտվել
03-04-2016 20:23

Ոչնչացվել է ևս մեկ տանկ, «Գրադ» կայանք և մեկ անօդաչու սարք

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են:  ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարեւելյան ուղղությամբ ոչնչացվել է եւս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա եւ 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։

Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 15 տանկ, 3 անօդաչու սարք, ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 6 միավոր այլ զրահատեխնիկա: ԼՂ ՊԲ տվյալներով, Ադրբեջանը 200-ից ավելի մարդկային կորուստ ունի:

Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ: Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զոհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են: