Բավ է պառակտվել
28-01-2020 15:06

Բանակը լինելու է առավել քան ուժեղ․Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին, վիրավորում ստացած զինվորի առողջական վիճակին:
«Վիրահատությունից հետո ինքը գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»։
Հարցին՝ վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, նա ասաց․ «Ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են Զինված ուժերում, բայց դա զուգորդվում է նախաքննության հետ, զուգահեռ ընթանում են, ավելին չեմ կարող ասել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հրամանատարական կազմը պատժվում է արդյոք, որին նախարարը պատասխանեց․ «Ե՛վ ավագ ե՛ւ կրտսեր հրամանատարական կազմին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում, իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»։
Այնուհետ ՊՆ խոսեց նոր սպառազինությունների ձեռք բերման մասին,ասաց․ Մեր սպառազինությունները և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի, նա կարճ պատասխանեց․ «Շուտով։Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,-նշեց նա։
Տոնոյանի փոխանցմամբ՝ զորամասերի 40 տոկոսից ավելի անցել են սննդի ապահովման նոր ձեւաչափին։
Հարցին՝ այս տարի 100 տոկոսով կանցնեն սննդի ապահովման նոր համակարգին, նախարարն ասաց․ «Անում ենք ամեն ինչ, որ դա իրականացվի։ Կազմակերպությունները շատ են, տարբեր խնդիրների առաջ ենք կանգնում, նորմալ է, ընթացքում է, աշխատանքային է։ Փորձնական ծրագիրը, սակայն, հաջողված էր, մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»։
Հարցին, թե ինչ պետք է ակնկալել 2020 թվականին, նախարարն ասաց, որ բանակը լինելու է առավել քան ուժեղ:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչ է հիշում իր ծառայությունից, որին Տոնոյանը պատասխանեց․ «Շատ տարբեր բաներ։ Առաջին դժվարություններն են, որ տպավորում են իհարկե․ առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները՝ սապոգները, պարտյանկեք ունեինք եւ այլն»։

 

Արմինե Գևորգյան