Բավ է պառակտվել
05-01-2018 21:31

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը

 

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Քանի որ եկեղեցական օրը փոխվում է ժամը 17.00-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, ապա Սբ. Ծնունդը սկսում են տոնել հունվարի 5-ին երեկոյան և շարունակում են հունվարի 6-ին:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ(վառվում են եկեղեցու ջոհերը)։ Վառվում են նաև մոմեր: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Դրանք խորհրդանշում են աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Հիսուսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայեց, թե` «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա: Այդպես տեղի ունեցավ երկրորդ Աստվածահայտնությունը:

Այդպիսով, Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Տոնը սկսվում է հունվարի 5-ին երեկոյան: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո կատարվում է ջրի օրհնության կարգ` ի հիշատակ Հիսուսի Մկրտության ( ժողովուրդն ասում է. «Խաչը ջուրն է ընկնում»):

Իր Մկրտությամբ Հիսուսն օրհնեց ջուրը: Պատարագիչ քահանան ջրի մեջ սրբալույս Մյուռոն է ավելացնում և օրհնում է այն աղոթքով: Ավանդույթի համաձայն հավատացյալ մարդիկ այդ ջրից իրենց տներն են տանում` իբրև բուժիչ միջոց հիվանդների համար, քանզի այդ օրը օրհնված ջուրը համարվում է մկրտության ջուր և բուժիչ հատկություններ ունի:

Այս Մկրտության ջրի հանդեպ հարկավոր է պատկառելի վերաբերմունք ցուցաբերել,և վերաբերվել դրան իբրև սրբության:

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Ինչպես է տեղի ունեցել Հիսուսի ծնունդը

Օգոստոս կայսեր հրամանով Հռոմեական կայսրությունում, որի կազմի մեջ էր մտնում նաև Պաղեստինը, իրականացվեց մարդահամար, որի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվառվեր այն քաղաքում, որտեղ որ ծնվել է: Հովսեփը վերցնելով Մարիամին գնաց Բեթղեհեմ:

Ոչ մի հյուրանոցում նրանց համար տեղ չգտնվեց, և նրանք ապաստանեցին մի քարանձավում, որտեղ գոմ կար, և որտեղ էլ ծնվեց Հիսուսը: Աստծո որդին ծնվեց աղքատության մեջ, անշուք մի քարանձավում, որի նման են նաև մեր հոգիները: Հիսուսի Սուրբ Ծննդյան վկաներն էին մոտակա գյուղերի հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից։

«Փա՛ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղություն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկ. 2:14):

Հետո, արևելքից Նորածին Հիսուսին երկրպագելու եկան նոր աստղով առաջնորդվող մոգերը: Նրանք երեք ընծա նվիրաբերեցին. ոսկի՝ իբրև արքայի, խունկ՝ իբրև Աստծու և զմուռս՝ իբրև մահկանացուի, ինչից հետո վերադարձան իրենց հողերը: