Բավ է պառակտվել
14-04-2019 13:23

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը (Արմավենյաց տոն), որը խորհրդանշում է Տիրոջ մուտքը Երուսաղեմ։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է Մանուկների օրհնության օր՝ ի հիշատակ ավետարանական ավանդության, համաձայն որի մանուկները հրճվանքով են դիմավորել Քրիստոսին Երուսաղեմի տաճարի մոտ, գոչելով՝ “Օրհնությո՜ւն Դավթի որդուն“ (Մատթ. 21:15):

Ծաղկազարդը նշանավորում է Տիրոջ տանջանքների շաբաթվա սկիզբը, որ նա կրեց՝ իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Տիրոջ Երուսաղեմ մուտքի մասին պատմել են բոլոր չորս ավետարանիչները։

Զատկի տոնը նշելու համար Երուսաղեմ գնացող ժողովուրդը դուրս է եկել Քրիստոսին ընդառաջ, բացականչելով՝ «Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնյալ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկոս 11: 9-10)։

Մարդիկ Քրիստոսի առաջ են նետել իրենց հագուստները, կտրել ու ճանապարհին փռել արմավենու և ձիթենու ճյուղերը։ Հավատալով կարող և ավետյալ Ուսուցչին, պարզասիրտ ժողովուրդը պատրաստ էր ճանաչել նրան որպես Արքա, ով եկել է փրկելու իրեն։ Ամբողջ ժողովուրդը հիացմունքով լսել է Տիրոջ ուսմունքը։ Դրանից հետո Քիրստոսին են մոտեցել կույրերն ու կաղերը, ում նա բուժել է։

Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը։ Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվները և հանդիսավորությունը: Ձիթենու ճյուղը համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Արմավենու և ձիթենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում էր մահվան հանդեպ հաղթանակը:

Շաբաթ երեկոյան հայկական եկեղեցիներում կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է ՍԲ․ խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է սուրբ Պատարագ, օրհնվում են ուռենու ոստեր և մոմերի հետ բաժանվում ներկաներին ի հիշատակ նրան, որ Տիրոջը դիմավորել են ձիթենու ճյուղերով: Անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կոչվում է«ավագ», կրում է Փրկչի երկնային կյանքի այս կամ այն իրադարձությանը նվիրված պայմանական անվանումը։ Հիշատակվում են վերջին պատվիրանները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթվա հիմնական ծեսերը սկսվում են Ավագ Հինգշաբթի։