Բավ է պառակտվել
08-02-2020 16:08

Հայ Առաքելական եկեղեցին նշում է սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգիսի օրը

Հայ Առաքելական եկեղեցին շաբաթ օրը նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Ո՞վ է Սարգիս զորավարը

Սուրբ Սարգիս զորավարն մեծագույն սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Անվախության և խիզախության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ (հայկական բանակի գլխավոր հրամանատար)` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Կայսեր թույլտվությամբ և համաձայնությամբ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդում էր մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են քրիստոնյաների հալածանքները՝ Ս.Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին։ Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, Հայոց արքան, որպեսզի իր երկիրը զերծ պահի հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ։ Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար։ Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել։ Սարգիսը կտրականապես մերժում է՝ ասելով. “Երկրպագելի է միայն մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարողը երկնքի և երկրի։ Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել”։ Այդ խոսքերից հետո Ս.Սարգիսը կործանում է բագինը։ Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա։ Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը։ Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ շուտով գլխատվում։ Նահատակվելուց հետո Ս.Սարգսի մարմնի վրա լույս է իջնում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները։ Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում։

Սուրբ Սարգսի տոնը հայերի համար

Հայերի համար Սուրբ Սարգիսն ամենասիրված սրբերից մեկն է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները տեղափոխում է Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվում է երանելիի անունով եկեղեցի: Հայաստանում ընդունված է Սուրբ Սարգսի տոնը նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է բոլոր երիտասարդների արագահաս բարեխոսը: Սուրբ Սարգսի բարեխոսությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այս օրը երիտասարդները աղոթում են և խնդրում Սրբին իրենց աղոթքները հասցնել Բարձյալին: Սուրբ Սարգիսը օգնում է սիրահարներին:

Աշուղ Ղարիբի մասին ավանդազրույցը
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրահարված է լինում մի հարուստի աղջիկ Շահ Սանամեին։ Աղջիկը նույնպես սիրում է նրան, սակայն Աշուղն աղքատ է լինում, և աղջկա հայրը դեմ է լինում նրանց ամուսնությանը, քանի որ ցանկանում է ամուսնացնել նրան հարուստի հետ։ Այդ ժամանակ Աշուղ Ղարիբը որոշում է գնալ օտար երկրներ և այնտեղ ազնիվ աշխատանքով ունեցվածք վաստակել։ Սակայն նախքան դա նա խոստում է վերցնում սիրած աղջկանից, որ յոթ տարի կսպասի իրեն։ Տղան պայման է դնում, որ եթե գեթ մեկ օրով ուշանա իր ասած ժամանակից, աղջիկը կարող է ամուսնանալ նրա հետ, ում հայրը կառաջարկի։
Դժվար յոթ տարի է անցկացնում Աշուղ Ղարիբը օտարության մեջ։ Զրկված լինելով իր գեղեցկուհուն տեսնելուց, որ մի լուր չունենալով նրանից, նա, այնուամենայնիվ, չի վհատվում, այլ կարոտով և հույսով սպասում այն օրվան, երբ նրանք նորից կհանդիպեն, ընտանիք կստեղծեն և միասին երջանիկ կյանք կապրեն։ Աշուղ Ղարիբին հաջողվում է ունեցվածք վաստակել, և նա բռնում է հետդարձի ճանապարհը։ Ճանապարհին շատ դժվարությունների ու փորձությունների են հանդիպում։ Թվում է, թե հույսն ահա կլքի Աշուղին, որ նա չի հասնի սիրած աղջկան։ Հուզված, նա մաքուր սրտով և բոցավառ հոգով աղոթքով դիմում է Սբ․Սարգսին, խնդրելով արագ պաշտպանի օգնությունը։
Ականջ դնելով սիրահարված Աշուղի աղոթքին, Սբ․Սարգիսը հայտնվում է ձնաբքի մրրիկում իր սպիտակ արագավազ նժույգով, նստեցնում է տղային ձիու վրա և մեկ ակնթարթում հասցնում նրան Շահ Սանամեին։ Այնժամ աղջկա հայրը, տեսնելով հրաշքը, տղայի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց մաքուր սերը և նվիրվածությունը միմյանց՝ օրհնում է նրանց միությունը:

Տոնի ավանդույթներն ու առասպելները

Սբ. Սարգիս տոնին նախորդում է “Առաջվորաց պահքը”, որը հաստատվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն տևում է հինգ օր։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որից հետո ոչինչ չեն ուտում ու խմում՝ ակնկալելով երազում տեսնել իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին։ Այս օրվա հետ մեկ այլ ավանդույթ է կապված․ընդունված է եղել տան տանիքին կամ պատշգամբում սինիով ալյուր դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ առասպելի՝ Սբ․Սարգիսը հրեշտակների հետ պետք է թռչի տանիքների վրայով, և եթե ալուրով սինու մեջ հայտնվի նրա սպիտակ ձիու (մաքրության և անարատության խորհրդանիշ) պայտի հետքն՝ այդ տարի սիրահարված տղայի կամ աղջկա երազանքը կիրականանա։

Այս օրը սիրահարները նվիրում են միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում Սբ. Պատարագ կմատուցվի, որից հետո տեղի կունենա երիտասարդների օրհնության արարողությունը: