Բա՛վ է պառակտվել
06-01-2019 10:59

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

  

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Քանի որ եկեղեցական օրը սկսվում է 17։00-ին, Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ։ Այդ երեկո մարդիկ եկեղեցիներից վառված ճրագներ և մոմեր են տանում տուն, որոնք խորհրդանշում են աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։
Ճրագների լույսը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղի լույսը, որը մոգերին ուղղորդել է դեպի մանուկ Հիսուս Քրիստոս։

Այսօր առավոտյան Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք` ի հիշատակ Հիսուսի մկրտության (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում)։

Տիրոջ մկրտության ժամանակ հայտնվում է Հայր Աստծո վկայությունը. “Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը” (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա:
Այսպես է տեղի ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին “Հայտնություն” կամ “Աստվածահայտնություն” ընդհանուր անվամբ:

Հիսուսը ջուրն օրհնում է իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն աղոթքով: Ավանդույթի համաձայն, հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես բուժիչ միջոց հիվանդների համար, քանի որ այդ օրը օրհնված ջուրը կոչվում է մկրտված է և օժտված է շնորհընկալ հատկությամբ։ Մկրտված ջուրը պետք է պահպանվի որպես մեծ սրբություն։ Քահանաներն այցելում են հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը և օրհնելով տները, նշվում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքէջում

Հիսուսի ծնունդը
Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար է անցկացվում Հռոմեական կայսրությունում, որի կազմի մեջ է մտնում նաև Պաղեստինը: Համաձայն հրամանի՝ յուրաքանչյուր ոք պետք է գրանցվեր իր ծննդավայրում: Հովսեփը Մարիամի հետ գնում է հրեական Բեթղեհեմ։ Ոչ մի հյուրատանը գիշերելու տեղ չի գտնվում նրանց համար։ Նրանք տեղավորվում են մի քարայրում, որտեղ մսուր կար։ Այստեղ Մարիամը ծնում է Հիսուսին։ Աստծո որդին ծնվում է աղքատության մեջ, անփառունակ քարայրում, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է։
Քրիստոսի ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր են գալիս, որոնց մի նոր աստղ էր առաջնորդում և երկրպագում Մանուկին։ Նրանք երեք ընծա են մատուցում․ ոսկի՝ որպես թագավորի, կնդրուկ՝ քանի որ Աստված էր, և զմուռս՝ որպես մահկանացու ու վերադառնում իրենց երկրները: