Բավ է պառակտվել
06-01-2020 12:31

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը:

Քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամը 5-ին, նախորդ գիշեր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի ( ճրագ վառելու) պատարագը: Այս երեկո մարդիկ իրենց հետ տանում են եկեղեցում վառված ճրագներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, Եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի նորածին Հիսուս:

Այսօր առավոտյան եկեղեցիներում մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնյաց կարգ (ջուրն օրհնելու արարողություն)`ի հիշատակ Հիսուսի մկրտության (ժողովրդական լեզվով՝ “Խաչը ջուրն է ընկնում”):

Մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է, թե` “Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը” (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Մկրտության ժամանակ տեղի ունեցավ Քրիստոսի երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Իր մկրտությամբ Քրիստոսն օծեց ջուրը։ Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդույթի համաձայն, հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար, քանի որ այս օրն օծված ջուրը կոչվում է մկրտված և օժտված է հատուկ բարեշնորհ հատկություններով: Մկրտության ջուրը պետք է ակնածանքով պահել և վերաբերվել դրան որպես մեծ սրբության: Հիսուս Քրիստոսի Ծնունդն ավետում են քահանաներն՝ այցելելով հավատացյալների տներն ու կատարելով Տնօրհնեքի արարողություն, նշում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը:

Քրիստոսի ծնունդը

Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում, որի կազմում էր նաև Պաղեստինը, սկսվում է մարդահամար: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփը Մարիամի հետ ուղևորվեց Բեթղեհեմ։
Ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց: Նրանք ստիպված մի քարայրում տեղավորվեցին, որտեղ մսուր կար, որտեղ էլ ծնվեց Հիսուսը։ Աստծո որդին ծնվեց մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է:

Ս. Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, ում հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. “Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ` հաճություն”: (Ղուկ. 2:14):

Այնուհետև արևելքից մոգեր եկան, ում մի աստղ էր առաջնորդել: Նրանք երկրպագեցին Մանուկին և մատուցեցին երեք ընծա․ ոսկի՝ որպես թագավորի, կնդրուկ (խունկի ամենաանուշահոտ տեսակ) որպես Աստվածի և զմուռս՝ որպես մահկանացու և վերադարձան իրենց երկրները։