Բավ է պառակտվել
28-01-2021 12:51

«Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը. ՀՀ ԶՈՒ Շտաբի պետ

Հարգելի՛ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է:

Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը:
Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին: Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե՛տք է վհատվել:

Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը… Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը: Շնորհակա՛լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար: Բանակն ընկճվելու իրավունք չունի՛. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի:

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ:
Վստա՛հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը:

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա՛կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Այս սուրբ օրը շնորհավորե՛նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա՛նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:
Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ: Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին: