Բավ է պառակտվել
23-09-2016 17:17

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամը հաղթել է միջազգային մրցույթում

Մոսկվայում անցկացված «Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթում ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թ.–ին թողարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը թողարկվել է 1000 հատ տպաքանակով։ Հուշադրամի տրամագիծը 50,0 մմ է, քաշը` 67,2 գրամ։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Սուրեն Սիմոնյանը և Արամ Ուռուտյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի դիմերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ)` սգվոր մոր հուշարձան (Իժևսկ, ՌԴ, 2010 թ., հեղինակ՝ Թ. Աբրամիձե), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ, Ֆրանսիա, 2003 թ., հեղինակ՝ Դ. Երևանցի), խաչքար-հուշարձան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան, 1965 թ., հեղինակ՝ Ռ. Իսրայելյան), հուշասյուն-խաչքար (Գլենդել, ԱՄՆ, 2000 թ., հեղինակ՝ Ք. Քարիբյան): Ներքևում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է (Երևան, Հայաստան, 1967 թ., հեղինակներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան):

Դարձերեսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներն են (աջից ձախ). հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան, Հայաստան, 1989 թ., հեղինակ՝ Յու. Մինասյան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ, Սիրիա, 1990 թ., հեղինակներ՝ Վ. Բերթիզյան, Գ. Երամյան), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու, Բրազիլիա, 1966 թ., հեղինակ՝ Խոսե Հերեզ Ռեկալդե), խաչքար (Անտվերպեն, Բելգիա, 2003 թ., հեղինակ՝ Հ. Սոֆոյան): Ներքևում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից: 2016 թ.–ին մրցույթին մասնակցել են թվով 44 կազմակերպություն 29 երկրից (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ և այլն):

«Դրամների համաստեղություն-2016» միջազգային տասներորդ հոբելյանական մրցույթի հաղթողների անունները հրապարակվել են 2016 թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում` «Ռեդիսոն Սլավյանսկայա» հյուրանոցում, COINS-2016 7–րդ միջազգային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում։