Բավ է պառակտվել
11-12-2018 22:59

Հայկական կողմը Նարեկ Սարգսյանի արտահանձնման միջնորդություն չի ներկայացրել․ Պրահայի ոստիկանություն

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի արտահանձնման հարցը կորոշի Պրահայի շրջանային դատարանը։

“Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել կոնկրետ անձանց մասին։ Այնուամենայնիվ, կարող եմ հաստատել, որ դեկտեմբերի 6–ին Պրահայի բնակելի տներից մեկում Պրահայի ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները Հայաստանից եկած 37–ամյա մի տղամարդու են ձերբակալել, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ”,– ասել է Դանեկը։ “Այս պահին նա նախնական կալանքի տակ է”, - հաղորդել է Պրահայի ոստիկանության մամլո քարտուղար Յան Դանեկը։

“Հետախուզման մեջ գտնվող տղամարդը ձերբակալվել է ոստիկանության հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, քանի որ կասկածներ կային, որ նա կարող է զինված լինել։ Հետագայում նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, և այժմ նրա ճակատագիրը Պրահայի շրջանային դատարանի ձեռքում է”,– ասել է Դանեկը։

Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցյալ շաբաթ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի տներից մեկում։

Չեխական աղբյուրներից “Ազատություն” ռադիոկայանին հայտնի է դարձել, որ ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողությամբ։

Արտահանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն, այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր։ Եթե մինչ այդ հայցվոր երկիրը արտահանձնման դիմում չներկայացնի, ապա տեղական իշխանությունները կարող են մեղադրյալին ազատ արձակել։

“Այս պահի դրությամբ, հայկական կողմը դեռ միջնորդություն չի ներկայացրել”,– հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հավելելով, որ այն կուղարկվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին խուզարկություն է անցկացվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղ հայտնաբերվել են գողացված նկարներ, ինչպես նաև 155 հազ․ դոլար, 27 հազ․եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա դրամեր և զարդեր, որոնց ձեռքբերման օրինականությունը կստուգվի քրեական գործի շրջանակներում։ Խուզարկություն է անցկացվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և ավտոմեքենաներում։ Դրանցից մեկում գտնվող մետաղական պահարանում հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող նյութ։

Ավելի վաղ Gisher. News-ը հայտնել է, որ հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու մեղադրանքով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Դեկտեմբերի 6-ին նա ձերբակալվել է չեխ ոստիկանների կողմից Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ տրված կեղծ անձնագրով: