Բավ է պառակտվել
12-04-2020 14:23

Հայ եկեղեցին նշում է Զատիկը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 12-ին նշում է Զատիկը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։

Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա։

Այս տարի, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայ Առաքելական եկեղեցին որոշեց փակ դռների հետևում անցկացնել եկեղեցական արարողություններ՝ հորդորելով եկեղեցական համայնքւն զերծ մնալ Զատիկին եկեղեցիներ այցելելուց:

Կիրակի առավոտյան, Հայրապետական Սուրբ Պատարագի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց մեր հայրենիքը և աշխարհով մեկ ցրված հայ ժողովուրդը:

Սուրբ պատարագը ուղիղ եթերով ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, «Շողակաթ» հեռուստաընկերությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում (հեռարձակումը ժ․ 10.30-ին):

Տոնի խորհուրդը

Սուրբ Հարության տոնը, որը նաև կոչվում է Զատիկ, ինչը նշանակում է անցում, զատում և վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:

Ըստ Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մուտքը մեծ քարով: երեք օր անց, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14), գրված է Արարտյան Հայրապետական Թեմի պաշտոնական կայքում:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ս.Գրիգոր Տաթևացին գրում է՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի․կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է: Կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, աշխարհի չորս կեղմերի օրհնության կարգը (Անդաստան), ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Հարյավ մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Զատկի ողջույնի ուրախ խոսքը հիշեցնում է առաքյալների տրամադրությունը, ովքեր, երբ հանկարծ հայտնի է դառնում Հիսուսի Հարության լուրը, զարմանքով և հիացմունքով ասում էին իրար՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Սուրբ Զատիկի (Քրիստոսի հրաշափառ Հարության) տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք,։ Այն նվիրված է Տիրոջ Հարության և Հարության խորհրդին, ուստի այս ամբողջ ժամանակաշրջանը համարվում է տիրունական:

Հինունքը ծագում է «հիսունք» բառից: Առաջին քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3)։

Վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնով: Ըստ եկեղեցական կանոնների, այս ժամանակահատվածում չկան պահքի օրեր, և կարելի է օգտագործել ցանկացած կերակուր։