Բավ է պառակտվել
27-07-2019 11:55

Հայկական եկեղեցին դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի “սեռի ընտրության ազատության” դրույթին

Հայ Առաքելական եկեղեցին դեմ է հանդես եկել Ստամբուլի կոնվենցիայի մի շարք դրույթներին։ Այս մասին հայտնել է Էջմիածնի մամլո ծառայությունը։

Նշվել է, որ Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում, իսկ բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է:

“Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ”,- ասված է հաղորդագրությունում:

Նշվել է, որ եկեղեցու տեսանկյունից անթույլատրելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ։ Որպես օրինակ է բերվել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասը։

“Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը”,- ասված է հաղորդագրությունում:

Ելնելով վերոհիշյալից և հաշվի առնելով, որ ազգային-հոգևոր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` Եկեղեցին հորդորում է իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Եվրոպայի Խորհրդի “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիան) Եվրոպայի Խորհրդի միջազգային համաձայնագիր է՝ ուղղված կանաց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ։ Այն կնքվել է 2011թ մայիսի 11-ին Թուրքայի Ստամբուլ քաղաքում։ Մինչ այժմ ստորագրվել է 46 երկրների և Եվրամիության կողմից։