Չորս մարդուց բաղկացած հայ լեռնագնացների խումբը հաջող վերելք է կատարել Ալպերի բարձրագույն կետ` Մոնբլան լեռը։ Չորս մարդուց բաղկացած հայ լեռնագնացների խումբը հաջող վերելք է կատարել Ալպերի և Եվրոպայի (կովկասյան գագաթները չհաշված) բարձրագույն կետը` Մոնբլան լեռը:
Գևորգ Գասպարյանը Հայաստանից և Ավեդիս Կալպակյանը Լիբանանից, շվեյցարացի և լիբանանցի լեռնագնացների հետ միասին, երեքշաբթի` օգոստոսի 30-ին, բարձրացել են 4810 մետր բարձրության վրա:
«Սա մեր առաջին վերելքն է Մոնբլան: Մենք ընտրել էինք տեխնիկապես բարդ երթուղի: Առաջիկայում նախատեսում ենք բարձրանալ Ակոնկագուա լեռը (6962 մ` Հարավային Ամերիկայի ամենաբարձր կետը)», - ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով, խմբի բոլոր անդամները փորձառու լեռնագնացներ են, ովքեր բազմիցս բարձրացել են հինգ-վեց հազարանոց բարձրությունների վրա, իսկ Ավեդիս Կալպակյանը եղել է աշխարհի յոթ բարձրագույն գագաթներից հինգի վրա: Այս տարի նա բարձրացել է Մակ-Քինլիի գագաթը (Ալյասկա, 6190 մ):
«Անփորձ լեռնագնացների համար այս երթուղին շատ վտանգավոր է», - ասաց Գասպարյանը:
Մոնբլանի գագաթին բարձրանալուց մեկ օր առաջ չորս այլ հայ լեռնագնացներ` Սուրեն Պետրոսյանը, Գարեգին Ունուսյանը, Էդուարդ Սարգսյանը և Լևոն Մովսիսյանը, բարձրացել են Ալպերի Մաթերհորն գագաթը: