Բավ է պառակտվել
21-07-2020 19:28

Հայկական ԱԹՍ- ները չեն զիջում իսրայելականին. ռազմական վերջին բախման արդյունքները

 

Երևանի Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում կազմակերպվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որոնք խոցվել կամ գրավվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում։ Սա առիթ էր նաեւ ներկայացնելու մինչ այդ եւս հայկական ուժերի կողմից ոչնչացված ադրբեջական այլ ԱԹՍ- ները։

Ամբողջական, անվնաս դրոններ, որոնք հաջողվել է որսալ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, ոչնչացված հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների բեկորներ. այս ամենը ցուցադրված է Երևանի Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում բակում։ Տավուշում վերջին սրացման չորս օրերի ընթացքում հայկական ԶՈւ-ն չեզոքացրել է 13 դրոն, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։ Գեներալ- մայոր Դանիել Բալայանը վստահեցնում է` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհում լավագույններից մեկը համարվող իսրայելական դրոնները գրեթե անզոր են հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության հմուտ և գրագետ հաշվարկների առաջ:

 
«Մեզ համար հպարտանալու փաստ է, որ Hermes 900-ը, որը խփեցինք, անցած տարվա մեր համալսարանի շրջանավարտի հաշվարկի արդյունքն էր»։Բալայանը վստահեցնում է՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահովված են անօդաչու թռչող սարքերով։ Այսօր եթե հանկարծակ հակառակորդը փորձի հարվածել ու հարձակվել, դա իրեն չի հաջողվի։
«Մենք չենք կռվում պարգևների համար։ Ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։ Կարճ ասեմ՝ երբ որ ես վերլուծեցի այս ամենը, այս կռիվը ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան։ Ոնց որ փայտը վերցրել ու մեղվի բույնն էին բզբզում ։

 
Իսկ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, Բալանը հավաստիացրեց, որ հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։
«Գիտեք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն։ Դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններն արվում են, տեղում չենք դոփում»։

Բալայանն ասում է, որ առանձին քննարկման են արժանի հայկական արտադրության անօդաչու սարքերը, որոնք ապացուցեցին, որ ոչնչով պակաս չեն իրենց իսրայելական մրցակիցներից: Վկայությունը` վերջին մարտերի ընթացքում ադրբեջանական բանակին հասցրած վնասների մասշտաբն է։

Իսկ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը նշում է, որ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական զինված ուժերն անհրաժեշտ հետևություններ են արել և համակարգված աշխատանք են կատարել հակառակորդի ԱԹՍ-ների չեզոքացման համար ՀՕՊ հատուկ հաշվարկների նախապատրաստման ուղղությամբ:

 

 

Արմինե Գևորգյան