Բավ է պառակտվել
21-01-2020 14:28

Հայ ֆերմերներն արգելափակել են Երևան տանող ավտոճանապարհներն

Երեքշաբթի առավոտյան հայ անասնապահները և մսավաճառներն արգելափակել են Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք մայրուղիներ՝ ի նշան անասունների մորթի նոր պահանջների դեմ բողոքի:

2020 թվականի հունվարի 15-ին Հայաստանում ուժի մեջ է մտել բացառապես սպանդանոցներում անասունների մորթի պահանջը, որի մի շարք կետեր դժգոհություն են առաջացրել անասնապահների և մսավաճառների շրջանում: Նախորդ օրը ցուցարարները մտադիր էին հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու անասունները մորթի նոր պահանջները, բայց նրանց որևէ պաշտոնյա չի ընդունել: Այս կապակցությամբ նրանք հայտարարել են, որ սկսում են համահանրապետական բողոքի ակցիա։

Արարատի մարզում ցուցարարների հետ է հանդիպել մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա խոստացել է կառավարությանը ներկայացնել բողոքողների պահանջները՝ խնդրելով ժամանակավորապես վերսկսել մեքենաների տեղաշարժը:

Արմավիրի մարզում բողոքողների հետ հանդիպել է մարզպետարանի աշխատակազմի էկոլոգիայի և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը: Նա խոստացել է, որ երկու օրվա ընթացքում տարածաշրջանում կսկսեն գործել նոր սպանդանոցներ, որոնք կաշխատեն շուրջօրյա` բոլոր ֆերմերների համար ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար:

“Մեկ ամսվա ընթացքում մենք կբացենք ևս 15 սպանդանոց, որոնք անվճար կփոխադրեն անասունը: Խոշոր եղջրավոր անասունների մորթի վարձը կկազմի 10 հազար դրամ, մանրինը՝ 2500 դրամ: Միևնույն ժամանակ, ֆերմերները իրավունք կունենան իրենց կշեռքներով կշռել միսը”:

Վերջին օրերին մսի առևտրականներն ու անասնսպսհները բողոքի ցույցեր են անցկացնում Երևանում ՝ պահանջելով վերանայել պարտադիր սպանդանոցային մորթի պայմանները: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող սպանդանոցները բավարար չեն պահանջարկը բավարարելու համար, չի ապահովվում անասունների տեղափոխումը սպանդանոց և այլն: Ակցիայի մասնակիցներից շատերը դեմ չեն սպանդանոցներին, բայց առաջարկում են թույլատրել մասնավոր տարածքներում անասունների մորթը՝ անասնաբուժական հսկողության ներքո:

Հունվարի 16-ին Սննդի անվտանգության տեսչության և սպանդանոցների ներկայացուցիչների միջև կնքված հուշագրի համաձայն՝ սպանդանոցներում խոզերի մորթը կկատարվի առավելագույնը 5 հազար դրամով, մանր եղջերավոր անասունները ՝ 3.5 հազար դրամով, իսկ խոշոր եղջրավոր անասուններինը ՝ 10 հազար դրամով: Իսկ անասունների սպանդանոց տեղափոխելու պայմանները հետևյալն են․ կենդանիների տերերից տեղափոխումը սպանդանոց 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով։

Հունվարի 17-ին ֆերմերների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների հանդիպման ժամանակ նշվեց, որ շուտով շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք կկարողանան բավարարել ողջ հանրապետության կարիքները: Ներկայումս գործող 25 սպանդանոցի կարողությունները բավարարում են միայն Երևանի մսամթերքի կարիքները: