Բավ է պառակտվել
05-03-2020 19:00

Հայկական բեռնատարները հատել են Վրաստանի սահմանը, որտեղ մնացել էին կորոնավիրուսի դեմ պայքարի պատճառով

Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և, սահմանված կարգի համաձայն, կուղեկցվեն հաջորդ մաքսակետ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հինգշաբթի առավոտյան Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հաստատել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ տարվող միջոցառումների պատճառով հայկական բեռնատարները մնացել են կանգնած հայ-վրացական սահմանին: Արդյունքում, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սահմանին ձևավորվել է երթևեկի խցանում: Նախարարը վստահեցրել որ խոշոր բեռնատարները կհատեն սահմանը մինչև օրվա վերջ՝ ախտահանման ավարտից հետո:

Մամլո հաղորդագրության համաձայն, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և պետեկամուտների կոմիտեն օպերատիվ կապի մեջ են տարանցիկ փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ ապրանքների անխափան փոխադրումը կազմակերպելու նպատակով:

Գերատեսչությունը նշել է, որ Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են մտցվել նոր կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը Վրաստան կանխելու և նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրում։

Փոփոխություններով նախատեսվում է մեկ սահմանակետից մյուսն ուղեկցել կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկային երկրներից Վրաստանի տարածքով անցնող բեռնատար տրասպորտային միջոցները (մարդկանց հետ միասին)։

ԱՀԿ-ի կողմից որպես ռիսկային գոտիներ ճանաչված տարածքներից եկող տրանսպորտային միջոցների վարորդներին փոխարինում են այլ ֆիզիկական անձով, որը ռիսկային գոտուց չէ:

Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո տրանսպորտային միջոցն ամբողջությամբ ախտահանվում է, իսկ բեռնատարի վարորդը (օտարերկրյա քաղաքացի), ով վարում էր ավտոմեքենան սահմանը հատելիս՝ հետ է ուղարկվում կամ, հաշվի առնելով կլինիկական վիճակը, ենթարկվում է կարանտինի կամ ուղարկվում բժշկական հաստատություն:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, մինչև հինգշաբթի առավոտ սահմանին եղել է ընդամենը շուրջ 20-30 մեքենա, որոնք այսօր ստուգումից հետո կուղևորվեն Լարս: