Բավ է պառակտվել
16-07-2020 14:33

Հայկական կողմը խոցել է հակառակորդի տանկը, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքերը

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակն այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»,- հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հուլիսի 16-ի առավոտյան Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսպուքյան իր էջում հայտնել է, որ մարտերն այս պահին թուլացել են։ “Զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի”,- գրել է նա։

 

Արմինե Գևորգյան