Բավ է պառակտվել
09-12-2016 16:13

Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 03.50-ին Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը:

Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ:

Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են:

Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար:

Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանի Հանրապետությունից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին:

ՀՀ քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում:

Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար: