Բավ է պառակտվել
09-02-2021 14:17

Հայկական հարվածային ԱԹՍ-ները փորձարկվում են, հետախուզականները նախապատրաստվում են սերիական արտադրության

Հետախուզական անօդաչու թռչող սարքերն արդեն անցել են պետական փորձարկումներ, հարվածայինները փորձարկումների շրջանում են:

Հայաստանը պատրաստ է հետախուզական անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հետախուզական սարքերն արդեն պատշաճ փորձարկվել են և պատրաստ են սերիական արտադրության: Ինչ վերաբերում է հարվածային ԱԹՍ-ներին՝ դրանք անցնում են պետական փորձարկումներ, որոշ մոդելներ նույնպես նախապատրաստվում են սերիական արտադրության:

Վերջին տարիներին Հայաստանում արդեն տեղայնացվել են մի քանի տեսակի զենքեր, այդ թվում ՝ հրետանային և ականանետային արկեր:

«Դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության մասով։», - ասաց Արշակյանը:
Պետությունը շարունակում է ֆինանսավորել ռադարային ու կապի համակարգերի մշակման ու արտադրության ծրագրերը։ Իսկ օպտիկալազերային դիտարկման համակարգերն արդեն իսկ արտադրվում են ու առաջիկայում նախատեսվում է դրանց արտահանումը։
Ընդհանուր առմամբ,հավելել է նախարարը, հինգ տարվա ընթացքում Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների բյուջեն մոտավորապես եռապատկվել է. 2017-ին այն կազմել է 1,6 մլրդ դրամ (երեք միլիարդ դոլարից մի փոքր ավելի), իսկ 2021-ին նախատեսվում է հասցնել 4,6 մլրդ դրամի (շուրջ 9 միլիոն դոլար):

Նշենք, որ մարտական գործողությունների ընթացքում իրենց լավ դրսևորեցին մի շարք ձեռնարկությունների և կազմակերպությունների անօդաչու թռչող սարքերը, որոնք վերջիններս արտադրում էին իրենց ուժերով, առանց կառավարության ֆինանսավորման։