Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունել է զինծառայողների համար հիփոթեքային վարկավորման սուբսիդավորման համակարգի նախագիծը։
Ինչպես նիստում տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, յուրաքանչյուր տարի ծրագրի շահառու կարող է դառնալ 500 զինծառայող։
՛Ծրագիրը նախատեսում է հիփոթեքային վարկի առավելագույն գումարը 28,5մլն դրամի չփով (շուրջ 60հազ դոլար), ընդ որում՝ նախատեսված գումարի 10%-ը կանխավճարի տեսքով կֆինանսավորի պետությունը”,- ասել է Տոնոյանը։
Նա նշել է, որ առաջնային շուկայում բնակարան գնելու կամ նոր տուն կառուցելու դեպքում վարկի տարեկան դրույքաչափը կլինի 7%, որոնցից 3 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ մնացած 4-ը կվերադարձվի վճարված եկամտահարկի հաշվին։
Համաձայն նախագծի՝ երկրորդական շուկայում բնակարան ձեռք բերելիս առավելագույն տոկոսադրույքը չի կարող ավելի քան 2 տոկոսով գերազանցել վերաֆինանսավորման դրույքաչափը։ Այս դեպքում ևս պետությունը սուբսիդավորում է հիփոթեքային վարկի 3 տոկոսը, իսկ մնացած մասը վճարում է վարկառուն։
”Շահառուների ընտրությունը կկատրվի միաժամանակ վիճակահանությամբ”,- նշել է Տոնոյանը։