Բավ է պառակտվել
13-12-2022 14:27

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով 270 հայ երեխա մնացել է ճանապարհներին.Արման Թաթոյան

270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով, հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ Լաչինի միջանցքը փակվել է դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից։

««Թաթոյան» հիմնադրամը պահանջում է միջազգային հանրությունից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապաշրջափակելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար փակված Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիմնադրամի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից: Ակնհայտ է, նշվում է հայտարարությունում, որ ճանապարհը փակելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մեկուսացման մեջ թողնելը, Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։

«Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։ Երեխաները կտրված են ընտանիքներից, առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ,- ասվում է հայտարարության մեջ։
Հիմնադրամը շեշտում է, որ մարդու իրավունքները և հատկապես երեխաների իրավունքները կապ չունեն քաղաքական հարցերի, տարածքի ճանաչված կամ չճանաչված լինելու հետ, հետևաբար` հրատապ է, որ հասցեական արձագանքեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ վերացնելու համար երեխաների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների խախտումները:
«Միանշանակ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։ Այս հայտարարությունը ևս կուղարկվի համապատասխան միջազգային կառույցներին»,-նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում մեկ օրից ավելի Արցախի Հանրապետությունը գտնվում է փաստացի շրջափակման մեջ, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմից իբր «էկոլոգիական նկատառումներով» երկկողմանի արգելափակված է։