Բավ է պառակտվել
20-12-2020 21:17

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում փրկվել է 6 ժամկետային զինծառայող։ Նրանցից 70 օր տեղեկություն չկար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է ավելի քան 70 օր հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայողի փրկվելու մասին։

“Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք”,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Այս մեծ հաջողության համար նախագահն իր երախտագիտությունն է հայտնել; ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները:
“Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու”,- գրել է նա:
Հարությունյանը հրապարակել է փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի

“Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու: Տեսանյութը՝ քիչ անց”,- հավելել է Արցախի նախագահը: