Բավ է պառակտվել
20-07-2021 23:37

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը դեսպաններին ներկայացրել է իրավիճակն Ադրբեջանի ստեղծած լարվածության նոր օջախում

Հայաստանի ԱԳՆ առաջին փոխնախարար, արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Գերատեսչության մամլո ծառայությունը հայտնում է, որ հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։
Հուլիսի 14-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերապար գնդակոծում է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Երասխ գյուղը (սահմանակից է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի հետ)։ Երասխով է անցնում Մ2 միջպետական մայրուղին, որը միացնում է Հայաստանի հարավը հյուսիսի հետ և շարունակվում մինչև Իրանի հետ սահման։ Երասխից արևմուտք հայ-թուրքական պետական սահմանն է։
Ըստ մամլո հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Գրիգորյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:
«Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով», - նշել է Գրիգորյանն այդ համատեքստում։
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։
Առանձնահատուկ շեշտվել է, որ առանց ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսման և, ի վերջո՝ հակամարտության հանգուցալուծման, տարածաշրջանը մշտապես բախվելու է անվտանգության խաթարման նոր փորձերի։
«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։

Միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին
Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։

Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Մայիսի 27-ին վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։