Բավ է պառակտվել
14-08-2021 09:10

Հայոց լեզուն «տապալեց» դիմորդներին․ մասնագետները նշում են հիմնական սխալը

Շտեմարանների որակը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, չնայած հայոց լեզվի առումով իրավիճակը կրիտիկական չի կարելի անվանել։

Խնդրահարույց է հայոց լեզվի շտեմարանները կազմելու սկզբունքը։ Հեղինակներն արել են ամեն ինչ, որպեսզի դիմորդներն անգիր անեն պատասխանները՝ հասկանալու փոխարեն, դրա պատճառով էլ գնահատականները ցածր են։ Այս մասին ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությանն առընթեր Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել էր միասնական քննությունների արդյունքները, որոնց համաձայն դիմորդների գրեթե 47 տոկոսը անբավարար գնահատական էր ստացել Հայոց լեզվից։ «Խնդրահարույց է այն, թե ինչպես են կազմվում շտեմարանները, ովքեր են տալիս առաջադրանքները, որքանով են դրանք օբյեկտիվ։ Այստեղ իհարկե պետք է որոշակի բարելավումներ արվեն, սակայն քննությունների ժամանակ միշտ ի հայտ է գալիս նույն խնդիրը` թվանշանի օբյեկտիվությու՞նն է կարևոր, թե՞ բովանդակությունը։ Երբեմն հնարավոր է ավելի բովանդակային ու կարևոր առաջադրանքներ կազմել, բայց այդտեղ էլ գնահատականն է սուբյեկտիվանում»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով, հեղինակներն այսօր շտեմարաններում շեշտը դնում են այնպիսի գիտելիքի վրա, որը հնարավոր է անգիր անել։ Դա նպաստում է գնահատականի օբյեկտիվ լինելուն, բայց տուժում է սովորողների գիտելիքների որակը։ Խաչատրյանը կարծում է, որ կոնկրետ քննության առաջարկների ընտրության մեջ պետք է հնարավորինս շատ մարդ մասնակցի, թեև այս դեպքում էլ խնդիրն այն է, որ դա կարող է բերել ինֆորմացիայի արտահոսքի։

Միաժամանակ Խաչատրյանը համաձայն չէ, որ հայոց լեզվի և դիմորդների գիտելիքների առումով իրավիճակը կրիտիկական է։ Ըստ նրա՝ այս տարի հայոց լեզվի միջին թվանշանը մոտավորապես 0,4 միավորով ավելի բարձր էր, քան մի քանի տարի առաջ։ Աղմուկը բարձրացավ նրանից, որ Հայոց լեզվի քննության երկրորդ փուլում մոտ հիսուն տոկոսն անբավարար էր ստացել։ Սակայն պետք է հասկանալ, որ սովորաբար երկրորդ փուլին մասնակցում են շատ քիչ դիմորդներ, որոնց մեծ մասը, որպես կանոն, պատահական դիմորդներ են, որոնք ուղղակի փորձում են բուհ ընդունվել, բանակից նոր են վերադարձել։